Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Աղլամազյան. «Շարժումը պատրաստ է նաեւ փակել ուրիշ ավելի բանուկ փողոցներ»

Հուլիս 02,2015 20:30

Ակտիվիստ Հարություն Աղլամազյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցող ցույցերը մարում են: Նա կարծում է, որ եթե ժողովուրդը գնար Ազատության հրապարակ՝ այդ ժամանակ շարժումը կմարեր:

«Ես կասեի, որ շարժման մեջքն է մի քիչ կոտրվել: Շարժումն ինքնաբուխ է, այսինքն` մարդիկ չեն գալիս ինչ-որ լիդերների լսելու: Նրանք  գալիս էին՝ զուտ տեսնելով, որ խնդիր կա ու խնդիրը ոչ միայն այդ 7 դրամն էր, այլ բոլոր անօրինականությունները, որ ուզում էին այնպես անեին, որ ժողովուրդը վճարի»,- մասնավորապես ասեց Հարությունը:

Նա կարծում է, որ ցուցարարների մի մասի Ազատության հրապարակ գնալը չպառակտեց շարժումը: «Պարզապես շատերի աչքին դա երեւաց պառակտում, բայց իրականում այդպիսի բան չկա: Մեզ հարցնում էին՝ ինչ է լինելու, ինչ եք անելու: Այն ժամանակ էլ էինք մենք նշում, որ շարժումը կգնա անհնազանդության բոլոր ուղիներով: Այսինքն, եթե հիմա այս փողոցն է փակ շուրջօրյա, շարժումը պատրաստ է այլ փողոցներ փակել, օրինակ` ամբողջ Բաղրամյանը, Մաշտոցը, ուրիշ ավելի բանուկ փողոցներ: Այդպես կփորձենք ճնշում գործադրել իշխանությունների վրա»:

Վերջին շրջանում կա կարծիք, որ շարժումը տնտեսական եւ սոցիալականից դարձել է քաղաքական: Հարություն Աղլամազյանն ի պատասխան այս դիտարկումների՝ ասաց, որ ուրիշ բան, եթե քաղաքական ուժերը գան, շարժումն էլ փորձի միանալ նրանց, այդ դեպքում կարելի է նման բաներ ասել: «Բայց եթե քաղաքական ուժ չկա, քաղաքացիականը կարող է շախմատի լեզվով ասած միայն պատ անի իշխանություններին: Մենք չունենք ինչ-որ մշակած ծրագիր, որովհետեւ հրաժարականից հետո երթադրվում են հետագա քայլեր, որը մենք չենք կարող անել»:

Նա նշեց, որ իրենց շարժումը քաղաքականից տարբերվում է նաեւ նրանով, որ կառուցվածքային չէ: «Կա համակարգող խումբ ընդամենը, որը համակարգում է մարդկանց բողոքը, ուղղորդում է: Բայց ինքը լիդեր չի, կառուցվածք չկա: Քաղաքացիական շարժումը լավ միջոց է իշխանություններին խուճապի մեջ գցելու համար»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031