Գյումրեցիների՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը աչքի ընկավ ոչ միայն այս քաղաքին հատուկ սուր, հումորով գրված ցուցապաստառներով ու կոչերով, այլեւ նստացուցարարներին բերման ենթարկած ոստիկանների այսպես ասած «կոլորիտային» պահվածքով:
Նստացուցարար Կարեն Պետրոսյանի նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ հարուցելու ֆոնին, գյումրեցի ցուցարարները սկսել են վերհիշել ոստիկանների՝ իրենց բերման ենթարկելու զվարճալի պատմությունը: Բանն այն է, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանները, ընդամենը 3 մեքենայով գալով Գյումրու Թատերական հրապարակ՝ մտադրություն են ունեցել բերման ենթարկել բոլոր նստացուցարարներին, սակայն տեսնելով, որ նրանց քանակը բավական շատ է իրենց ավտոմեքենաների քանակի հետ համեմատ, ցուցարարներին տեղավորելու խնդիր կա, նրանցից մի քանիսին հետ են ճանապարհել, թե տեղ չկա:
Նստացուցարարներից մեկի պատմելով, իրենցից 3 հոգու նստեցնելով վարորդի կողքին (իսկ սա օրենքի կոպիտ խախտում է, բերման ենթարկվողի կողքին պարտադիր պետք է ոստիկան լինի, բացի այդ ճանապարհային երթեւեկության կանոնները պահանջում են, որ վարորդի կողքին նստի ընդամենը մեկ հոգի), մյուսներին էլ մի կերպ տեղավորելով մեքենայի հետեւի նստատեղին, ոստիկանները տեսել են, որ 3 հոգին դուրս են մնում, տեղ չկա, տեղավորելու հնար էլ չկա: Ոստիկաններն ասել են՝ գնացեք հա, տեղ չկա ձեզ, իսկ երիտասարդները սկսել են վազել հետեւներից, թե մեզ էլ բերման ենթարկեք, աղաչում ենք, մենք ինչո՞վ ենք պակաս: Հումոր անող երիտասարդներին ոստիկաններից մեկն արձագանքել է այսպես. «Ասինք հմի տեղ չկա, մնա ուրիշ անգամ…»:
Ի դեպ, այս հարցը քննարկվեց անգամ Գյումրու Թատերական հրապարակում, իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը հանդիպումներից մեկի ժամանակ պատմեց, թե երիտասարդները իրեն «դժգոհել են», թե իրենց այդպես էլ բախտ չվիճակվեց բերման ենթարկվել:
Կարդացեք նաև
Այժմ էլ այդ նույն երիտասարդները, տեսնելով, որ բերման ենթարկվածներից միայն տնտեսագետ Կարեն Պետրոսյանի նկատմամբ է հարուցվել քրեական գործ, խնդրում են նույն հոդվածով քրեական գործ հարուցել նաեւ իրենց նկատմամբ: Ցուցարարներից մեկի ֆեսբուքյան էջում ընթերցում ենք. «Եթե ուրեւէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու պատվերը ի կատար ածեք, ուրեմն ստիպված կլինեք Գյումրու ակտիվ երիտասարդներին բոլորին նույն հոդվածով դատապարտել, հարգելի՛ ոստիկաններ: Երեւի մեր միասնական ու իրական ուժին կասկածողներ կան, մտածում եք ամբողջ Գյումրին չենք կարող ոտքի հանե՞լ: Գործելուց առաջ մտածեք ու կդորըմ մարդ էղեք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
հազար ամոթ մեր ոստիկաններին որոնց պահվացքը խայտառակում է մեր ազգին , որոնք ժողովրդի կողմից լինելու փոխարեն կատարում էն հակաժողովրդական հակահայկական կառավարության (ՀՀԿ) պատվերները,,