Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին աշխարհահռչակ կինոռեժիսոր Անի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը և ֆրանսահայ գործարար Ռեմի Մեքենեջյանը:
Ներկայացնելով հյուրերին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ջերմորեն խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Պատրիկ Մալաքյանի իրականացրած ծրագրերի մասին: Ի հիշատակ իր նախնիների նա Մարսելից իրականացրել է մի հուզիչ ճամփորդություն. մոտոցիկլետով կտրելով եվրոպական մի շարք երկրներ՝ մտել է Թուրքիա, եղել հոր ծննդավայրում՝ Ռոդոսթոյում, անցել է Արևմտյան Հայաստանով և այնտեղից մտել Հայաստան: Մյուս կարևոր ծրագիրը՝ Ֆրանսիայում Անմոռուկի պատկերով դրոշմանիշի ու դրոշմաթղթի տպագրությունն է՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով, որի շնորհանդեսը կայացավ վերջերս՝ Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պատրիկ Մալաքյանը խոսեց իր ազգային զգացողությունների մասին: Նա նշեց, որ ինքը խորապես կապված է իր հայկական արմատներին և ափսոսում է, որ չի տիրապետում հայերենին, սակայն փորձում է սովորել: Ապա` պատմեց այն դժվարությունների մասին, որ ունեցել է դրոշմանիշի և դրոշմաթղթերի տպագրության ընթացքում, քանի որ չէր խրախուսվում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը: Եվ, այնուամենայնիվ, նա կարողացել է հաղթահարել խոչընդոտներն ու իրականացնել իր ծրագիրը: Պատրիկը հատուկ շնորհակալությամբ նշեց, որ միշտապես զգացել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աջակցությունը:
«Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ իմ տուրքը տալ նախնիներիս հիշատակին: Ես խոր հարգանք ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարողացան պահել-պահպանել Հայաստանն ու հայությունը: Մեծ երջանկություն է, որ հնարավորություն ունեցանք երկիր կառուցել, հայրենիք պահել» , – ասաց Պատրիկ Մալաքյանն՝ իր խոսքի ավատին:
Կարդացեք նաև
Զարմանալի զուգադիպությամբ նույն օրը նախարար Հրանուշ Հակոբյանը «Մովսես Խորենացի» մեդալ հանձնեց Ստամբուլի Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանին, որտեղ ի թիվս բազմաթիվ հայ ականավոր մտավորականների, սովորել է նաև Աշոտ Մալաքյանը, նույն ինքը՝ աշխարհահռչակ կինոռեժիսոր Անրի Վերնոյը:
ՀՀ սփյուռքի նախարարություն