Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեի պատվիրակությունը Համահայկական 6-րդ խաղերի մեկնարկին ընդառաջ այցելեց Սփյուռքի ամենահայաշատ գաղութներից մեկը` Լիբանան, Անթիլիասի մայր տաճարում սփյուռքը խորհրդանշող ջահը վառելու համար:
Բեյրութում պատվիրակությանը դիմավորեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայ համայնքի կուսակցական ու հասարակական-բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ դեսպանը կարևորեց համահայկական 6-րդ խաղերի դերը, հատկապես այն, որ խաղերի անցկացումը համընկնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների հետ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Համահայկական խաղերի ընթացքում, պիտի վառվի հայ ժողովրդի միասնականությունը խորհրդանշող երեք ջահ` Հայաստան, Արցախ եւ Սփյուռք: Նա նաև հայտնեց, որ այս տարի Համահայկական խաղերը կընդգրկեն 17 մարզաձևեր եւ կմասնակցեն 5000 -ից ավելի մարզիկներ: <<Մեր նշանաբանն է միասնություն սպորտով, և այս տրամաբանությամբ մենք երեք ջահ ենք վառելու, և այդ երեք վառված ջահերը համահայկական խաղերի օրը մուտք կգործեն հանրապետական մարզադաշտ, որտեղ կվառվի համահայկական խաղերի խորհրդանիշ ջահը>>, ասաց Ի. Զաքարյանը:
Լիբանանի Այնճար Մուսալեռ գյուղը ամենահայաշատն է: Սա սփյուռքի այն եզակի բնակավայրերից է ,որտեղ ամեն բան հայկական է: Այնճարը Փոքրիկ Հայաստանն է միջին Արևելքում,այստեղ նույնիսկ մունիցիպալ կառույցներում ծառայում են հայեր, և քաղաքապետն էլ իսկական Մուսալեռցի է: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և իր գլխավորած պատվիրակությունը Այնճարում հանդիպեցին տեղի բնակչությանը, ծաղկեպսակ դրեցին Մուսա Լեռան հերոսամարտի զոհերի հուշարձանին: Այնճարցիները պատրաստվում են մեծ պատվիրակությամբ մասնակցելու համահայկական 6-րդ խաղերին :
Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Ջահավառության արարողության ընթացքում հայ սկաուտները շեփորահարեցին Լիբանանի և Հայաստանի քայլերգները, կատարեցին նաև ՙ Կիլիկիա՚ մաղթերգը:
Վեհափառ հայրապետը իր մաղթանքի խոսքում վստահություն հայտնեց ,որ այս համազգային նախաձեռնությունը ավելի պիտի ամրապնդի հայ ժողովրդի հավատը, կամքն ու միասնությունը: <<Մեր միասնականությունը անհրաժեշտ է այնպիսի միջոցներով արտահայտել, որով կարելի լինի մեր ներքին միասնականությունը ամրապնդել: Համազգային, համահայկական այս խաղերը մեր ժողովրդի համար մարտահրավեր են, կոչ ու պատգամ են, հիշեցում են, որպեսզի մենք բոլորս Հայաստան, Արցախ և Սփյուռք համահայկական մտածողություն ձևավորենք, համահայկական մեր մտածողությունը դարձնենք մեր մտածողության, մեր գործելակերպի առանցքը>>, – հորդորեց Արամ Ա կաթողիկոսը:
Ապա ` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիսավոր պատվիրակության հետ հանդիպեց վեհարանում, որտեղ վեհափառ հայրապետին Իշխան Զաքարյանը ներկայացրեց համահայկական 6-րդ խաղերի ընթացքը ու քննարկեցին Լիբանանահայ մարզիկների մասնակցությանը վերաբերող հարցեր: Արամ Կաթողիկոսը ևս մեկ անգամ շեշտեց Համահայկական խաղերի կարևորությունը հատկապես հայրենիք սփյուռք նոր ու ամուր կապերի ձևավորման գործում :
Անթիլիասում ջահավառությունից հետո մայր հայրենիքից մեկնած հյուրերին Հայկական ընդհանուր բարեգործական միության դահլիճում պաշտոնական ընթրիքի հրավիրեցին սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունների, բարեգործական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ընդունելության ընթացքում քննարկվեցին համահայկական խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված խնդիրներ: Կոմիտեի նախագահը նշեց, որ <<Մեր հաղթանակների գրավականը մեր միասնություն է, հենց միասնական լինելով մենք կարող ենք հաղթահարել մեզ ուղղված բոլոր մարտահրավերները: Համահայկական խաղերը մեր համախմբման ու միասնականության լավագույն օրինակներից են, եթե ոչ լավագույնը>>:
Այցի վերջին օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայկազյան համալսարան, որտեղ նրանց ողջունեց Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հայկազյան համալսարանն իր ստեղծման օրից մեծ առաքելություն ունի ` ուղղված հայապահպանությանը և հայագիտական հետազոտությունների իրականացմանը, Հայկազյան համալսարանը սերտ գործակցություն ունի Հայաստանի պետական կառույցների, կրթական և մշակութային հաստատությունների հետ: Իշխան Զաքարյանը Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներին հանձնեց նվերներ,ինչպես նաև առաջին անգամ ներկայացրեց համահայկական 6-րդ խաղերի համար պատրաստված համազգեստներ: Համահայկական 6-րդ խաղերի` Լիբանանում վառված ջահը կանցնի սփյուռքի Հայաշատ քաղաքներով, կկտրի օվկիանոսը և կհասնի մինչև Ամերիկա մայրցամաք: Ջահի հաջորդ կանգառը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն է: