Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսի Ազգային Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանը և «Արաս» հրատարակչության նախկին խմբագրապետ Արտաշես Մարկոսյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում

Հուլիս 02,2015 18:30

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պոլսի Ազգային Կենտրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումջյանին և նրա ամուսնուն՝ «Արաս» հրատարակչության նախկին խմբագրապետ Արտաշես Մարկոսյանին:

ՀՀ սփյուռքի նախարարը Սիլվա Գույումջյանին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով շնորհված պարգևը՝ «Մովսես Խորենացի» շքանշանը: «Ավելի քան 35 տարի ղեկավարելով Ազգային կենտրոնական վարժարանը՝ Դուք Ձեր նշանակալի ավանդն եք բերել հայապահպանության կարևորագույն գործին», – նշեց գերատեսչության ղեկավարը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սիլվա Գույումջյանի գործունեությունը՝ 130-ամյա Ազգային կենտրոնական վարժարանի ավանդույթների պահպանման և զարգացման գործում: «Ազգային վարժարանն են ավարտել անվանի հայ մտավորականներ Արշակ Չոպանյանը, Հրաչյա Աճառյանը, Միսաք Մեծարենցը, Վահան Թեքեյանը, Հակոբ Մնձուրին: Այս շարքը կարելի է երկար շարունակել: Վարժարանը ժամանակին ղեկավարել են նշանավոր հայ մտավորական ուսուցչապետեր Գաբրիել Նորատունկյանը, Ռեթեոս Պերպերյանը: Այս շարքը ևս կարելի է երկար շարունակել: Ազգապահպան այս պատվաբեր գործի իսկական շարունակողն այսօր տիկին Սիլվա Գույումջյանն է: Այսօր վարժարանն ունի 222 սան: Բոլոր տարիների շրջանավարտներն էլ հայերենի և Հայոց պատմության մասին լիարժեք գիտելիքներով ավարտում են կրթօջախը, և նրանց 90 տոկոսն ընդունվում են տարբեր բուհեր», – նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը կարևորեց 2015թ. մայիսի 3-ին վարժարանի ջանքերով կազմակերպված հայ մեծանուն եղեռնազոհ բանաստեղծ Դանիել Վարուժանի հիշատակի ոգեկոչման հանդիսությունը, որը կազմակերպվեց և մեծ շուքով իրականացվեց վարժարանի կոլեկտիվի ջանքերով: «Այսօր մեր սեղանին է նաև այդ հանդիսությունից հետո լույս տեսած Վարուժանի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող «Դանիէլ Վարուժան, անմահ բանաստեղծ, ուսուցիչ, մտաւորական» արևմտահայերեն գրքույկը», – հավելեց գերատեսչության ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Սիլվա Գույումջյանը նշեց, որ միայն իր նախորդներից ժառանգած մեծ գործի շնորհիվ է, որ այսօր ինքը ստանում է այս շքանշանը: «Սա միայն իմ պարգևը չէ, սա վարժարանի ողջ ուսուցչական կազմի շքանշանն է»:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031