«Ջի Էմ Ջի մեդիա գրուպը», ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը համատեղ հունիսի 5-ին Երեւանի կենտրոնում կազմակերպում են հեծանվավազքի սիրողական եւ պրոֆեսիոնալ մրցույթ՝ նվիրված Սահմանադրության օրվան:
Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում «Ջի Էմ Ջի մեդիա գրուպի» ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանը նշեց, որ հեծանվային այս մեկնարկը ավանդական է՝ անցկացվում է արդեն երրորդ անգամ, որին մասնակցում են գերազանցապես միջազգային դիվանագիտական կազմակերպությունների աշխատակիցները: «Հեծանիվը ոչ միայն առողջ ապրելակերպ է, այլեւ մատչելի փոխադրամիջոց: Բազմաթիվ երկրներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք աշխատանքի գնալիս իրենց անձնական օգտագործման կամ ծառայողական մեքենաները փոխարինել են հեծանվով: Մեր այս միջոցառմանը մասնակցելու են Բրազիլիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ռումինիայի դեսպանատների 1-ին դեմքեր: Շնորհակալություն եմ հայտնում հատկապես սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որը մեծ դերակատարում ունի այս միջոցառման իրականացման գործում, Երեւանի քաղաքապետարանին եւ բոլոր այն կազմակերպություններին, որոնք ներգրավվել են», – ասաց Մարիամ Մանուկյանը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ «Ջի Էմ Ջի» ընկերության այս նախաձեռնությունը համահունչ է նախարարության՝ մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի քարոզչությանը: Մամուլի խոսնակի խոսքերով՝ նախարարն անպայման ներկա է լինելու մեկնարկին եւ չի բացառվում, որ նա էլ անձնական օրինակով խրախուսի մյուս մասնակիցներին:
Լրագրողների հարցին, թե իրենք է՞լ կարող են այդ օրը մասնակցել հեծանվավազքին, բանախոսները պատասխանեցին, որ կազմակերպիչները դա միայն կողջունեն:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ