Լրահոս
Օրվա լրահոսը

2015թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում զինծառայողների մահացությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատրաստած տեղեկանքը

Հուլիս 02,2015 17:19

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 2015թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցած զինծառայողների մահացությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պատրաստված տեղեկանքը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թ.  առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 28 միջադեպ, որի հետևանքով մահացել է 34 զինծառայող:  Նախորդ տարի  2014 թ. նույն ժամանակահատվածում  գրանցվել է 22 մահացության դեպք, այսինքն, ցավոք, մահացության դեպքերի թիվն աճել է 1,5 անգամ:

Համաձայն պաշտոնական տվյալների, 2015 թ.  մահացության 34 դեպքերից  22-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է (որից 12-ը դիվերսիոն գործողության հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման[1]), 4-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ դժբախտ պատահարի (2 ավտովթար, 1-ը դեռևս չճշտված հանգամանքների), 2-ը՝ առողջական խնդիրների հետևանքով է:

Ի դեպ, 2015 թ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 22 մահացության դեպքից 16-ը տեղի են ունեցել ԼՂ, իսկ 6-ը՝ ՀՀ տարածքում: Համեմատելով նախորդ 2 տարիների նույն ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման վայրի և  զոհերի թվի հետ, ստանում ենք հետևյալ պատկերը.

Աղյուսակ 1.

2013 – 2015թթ. առաջին կիսամյակների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության  դեպքերի թիվն ըստ վայրի

Untitled-1

Ինչպես երեւում է աղյուսակից, վերջին երեք տարիներին կտրուկ աճել է  հրադադարի խախտումների հետևանքով մահացությունների թիվը:

Նկատենք, որ  2015 թ.  առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը (22 հոգի) արդեն իսկ մոտենում է ողջ  2014 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թվին՝ 26 մարդ:

Ներքոնշյալ գծապատկերը ներկայացնում է 2011-2015 թթ. հունվար-հունիս ժամանակահատվածում  գրանցված  հրադադարի ռեժիմի խախտումների և դրանց հետևանքով մահացության դեպքերի թիվը:

Գծապատկեր 1.

2011-2015թթ. առաջին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման եւ դրանց հետևանքով մահացությունների թիվը

Դիտարկելով հրադադարի ռեժիմի խախտումների թիվ/զոհերի թիվ հարաբերակցության դինամիկան տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճին զուգահեռ աճում է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով  մահացության թիվը:

Եթե դիտարկենք 2011-2015թթ առաջին կիսամյակների ընթացքում հրադադարի խախտման հետևանքով մահացության մեկ դեպքին ընկնող հրադադարի ռեժիմի խախտումների թիվը /տե՛ս աղյուսակ 2/, նկատում ենք, որ 2015թ մեկ մահվան դեպքին ընկնող կրակոցների թիվը անհամեմատ նվազել է: Այս ցուցանիշի հիման վրա կարելի է եզրահանգել մարտական հերթապահության վայրում անվտանգության կանոնների ոչ պատշաճ պահպանման  և անվտանգության միջոցների ոչ բավարար մակարդակի մասին:

Աղյուսակ 2.

Մահացության մեկ դեպքի հաշվարկով հրադադարի ռեժիմի խախտումների քանակը

Untitled-2

2015 թ-ին 34 մահացած զինծառայողներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են, 5-ը՝ սպաներ, 1-ը՝ ենթասպա, իսկ մյուս 22-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ: Ընդ որում, մահացած սպաներից 3-ը, 1 ենթասպան և բոլոր 6 պայմանագրային զինծառայողները, ըստ պաշտոնական տվյալների, մահացել են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

34 զինծառայողների մահվան փաստերից միայն 28-ի մասին է առկա պաշտոնական հաղորդագրություն:

2015 թ: 1-ին կիսամյակում մահացության 34 դեպքերից 10-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, 24-ը՝ Լեռնային Ղարաբաղի:

Ըստ հասանելի տեղեկատվության՝ 34 դեպքերից 24-ի առնչությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնցից 23-ը գտնվում են նախաքննության, իսկ 1-ը (քրեական գործի առանձին դրվագը)՝ դատաքննության փուլում:

Քրեական գործերից

·         8-ը հարուցվել են ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,

·         3-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն`մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,

·         2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետի հատկանիշներով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,

·         2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ կետերով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,

·         2-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ  մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը որն առաջացրել է ծանր հետևանքներ,

·         4-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  110-րդ հոդվածի 1-ին մասն` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը,

·         1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

·         1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով՝ սպանություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից` ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,

·         1-ը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մաս՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Մյուս 10 դեպքի մասին լրատվամիջոցներում չի նշվում, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր և՝ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածներով:

Կարելի է նկատել նաև, որ քրեական գործեր չեն հարուցվել առողջական խնդիրների հետևանքով  մահացությունների 2 դեպքերի, ինչպես նաև 3 դժբախտ պատահարներից 2 դեպքի վերաբերյալ:

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031