Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի համար պետական գաղտնիք է Սուրիկ Խաչատրյանի հարազատներին չձայնագրելու պատճառը

Հուլիս 02,2015 17:06

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսի առանձնատան դիմաց մոտ երկու տարի առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից օրեր անց՝ հունիսի 15-ին, դատարանը որոշել էր 30 օր շարունակ գաղտնալսել ու ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների հեռախոսային խոսակցությունները: Դատարանի այս որոշումն է, որ մինչեւ այսօր չի կատարվում: ԱԱԾ-ից դատարանին հայտնել են, որ տեխնիկական պատճառներով չի արվում:

Դատարանի որոշումը մերժելու վերաբերյալ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ԱԱԾ-ից փորձել է պարզել, թե ինչ տեխնիկական պատճառների մասին է խոսքը:

Այսօր նա Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրեց ԱԱԾ-ից ստացված պատասխանը, որով փաստաբանին հայտնել էին, որ իր պահանջված տեղեկությունները պետական գաղտնիք են:

Պարոն Ալումյանը միջնորդեց դատարանին, որ դատարանը պահանջի այդ ձայնագրությունները:

«Դրական, թե բացասական, ամեն դեպքում դուք պատասխան ստացել եք»,- ճշտեց դատարանը:

Քննիչ Հարությունյանն էլ հիշեցրեց, որ դատարանն արդեն մի անգամ փաստաբանի այդ միջնորդությունը մերժել է: Դատարանն այս անգամ էլ մերժեց այդ միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց:

Դատական նիստից հետո փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց. «Համաձայն չեմ դատարանի որոշմանը, ուրիշ բան է, որ սպասելի էր: Ակնհայտ է, որ այդ փաստը բոլոր պետական մարմինները փորձելու են քողարկել: Փաստորեն, դատարանի որոշումը չի կատարվել ԱԱԾ-ի կողմից՝ հորինված պատճառաբանություններով, այսօր էլ փորձում են քողարկել: Համոզված եմ, որ այդ ձայնագրությունները այսօր կան, պարզապես չեն կցվում գործին»:

Ըստ նրա, կան ու չեն կցվում գործին, որովհետեւ էապես փոխելու էին գործի ընթացքը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի պատասխանին, թե պետական գաղտնիք է, փաստաբանն ասաց՝ պետական գաղտնիքի տարրեր չկան. «Ես մի քանի հարց էի առաջադրել, որոնցից միայն մեկն էր այն մասին, թե ինչ տեխնիկական խնդիրներ են առաջացել: Մյուս հարցերը վերաբերում էին՝ իսկ երբ են այդ խնդիրները վերջացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031