Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» էլի խառն են. Ռուբեն Հակոբյանն ու Փոստանջյանն իրար չեն հասկանում

Հուլիս 02,2015 16:21
Ruben Hakobyan

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է հայ-ռուսական մի վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է, որ ՌԴ-ն 200 մլն դոլարի վարկ պետք է տա ՀՀ-ին՝ ռուսական արտադրության զենք, զինտեխնիկա գնելու համար: Վարկը 13 տարի ժամկետով է՝ 3 տոկոսով:

Այդ վարկային համաձայնագրի մասին խոսելիս՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կտրականապես դեմ արտահայտվեց, նույնիսկ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանին մեղադրեց, որ գնացել են Ռուսաստան, ստորացել են, որ մեր արտաքին պարտքն ավելացնեն, երբ որ նույն զինատեսակներից ՌԴ-ն արդեն մատակարարել էր Ադրբեջանին ու լինելով մեր ռազմավարական գործընկերը՝ ստորացուցիչ, ահավոր վատ վիճակի մեջ է դնում Հայաստանին:

Ի տարբերություն Փոստանջյանի այս քննադատությանը՝ նույն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ընդհակառակը, ողջունեց վարկային համաձայնագիրը, նույնիսկ ասաց, հենց սա է խոսում ռազմավարական գործընկերային հարաբերությունների մասին: Նա իր խոսքի սկզբում նշեց, որ  իրենց խմբակցությունում այս հարցի կապակցությամբ տարբեր կարծիքներ կան, եւ ինքը իր անձնական տեսակետը կներկայացնի:

Զարուհի Փոստանջյանը տեղից բղավեց, որ այդ դեպքում որպես առանձին պատգամավոր ելույթ ունեցեք, ոչ թե խմբակցության անունից: Ռուբեն Հակոբյանը քմծիծաղ տվեց եւ շնորհակալություն հայտնեց խորհրդի համար: Փոստանջյանին արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ բողոքելով, թե բոլորին դիտողություն եք անում, անգամ՝ յուրայիններին:

Ռուբեն Հակոբյանը այս վարկային պայմանագիրն արդարացնելու համար համեմատություն արեց Վերահսկիչ պալատի բացահայտած՝ այն աղմկահարույց վարկի հետ, որի համաձայն, Զիմբաբվեից 462 հազար դոլարով մարդ էին վարձել՝ հայերին ծիրան աճեցնել սովորեցնելու համար:

Ըստ նրա, նման վարկերի նկատմամբ պետք է վերապահում ունենալ, բայց այս վարկն առանձնանում է. «Եթե պատին հրացան կա կախված, այն անպայման մի օր կրակելու է: Դա, ցավոք, մեր տարածաշրջանի համար է ասված: Համաձայն չեմ, որ սա որպես ռազմավարական դաշնակից, միայն մեր շահերից ելնելով է տալիս, ոչ, սա փոխշահավետ արտոնյալ վարկ է: Այս վարկի միջոցով ՌԴ-ն նաեւ իր աշխարհաքաղաքական շահերն է պաշտպանում: Սա մեր պետության անվտանգությանն է վերաբերում, կանխիկ փող չի մտնելու, մենք վարկը ստանալու ենք այն արտադրատեսակների տեսքով, որոնք հաստատված են ցանկում»:

Նա ասաց, որ վարկային ատկատները շատ են, տվյալ դեպքում, լավ գործ է արվում, ուղղակի պետք է թաց ու չորը չխառնել: Ըստ նրա, ոչ միշտ է ռազմավարական գործընկերության հարաբերություն եղել, բայց սա այն վարկն է, որ իսկապես ռազմավարական դաշնակիցների մեջ է լինում. «Շատ վարկեր են եղել, երբ Հայաստանը վասալային կերպարով է ներկայացել, եւ դրա համար իներցիոն ուժը տանում է, ասում է՝ երեւի սա էլ վասալային ինչ-որ բան է: Բայց սա իսկապես ռազմավարական է, երբ խորությամբ ուսումնասիրում ենք»:

Նա ասաց, որ ինքը կողմ է այս վարկային համաձայնագրին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031