Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրցանից հետո երիտասարդներից շատերը թոքաբորբ են տանում

Հուլիս 02,2015 16:13

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն այսօր Բաղրամյան պողոտայում էր: Aravot.am-ի հետ զրույցում նա հավաստիացրեց, որ երբեէ չեն լքել Բաղրամյան պողոտան, նույնիսկ այն օրը, երբ իջել են Ազատության հրապարակ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից շատերը եղել են Բաղրամյանում, պարզապես հարգելի պատճառով նրանց չեն ճանաչում:

Մաքսիմ Սարգսյանի բնութագրմամբ` Բաղրամյան պողոտայից հանեցին  ջրցան մեքենան, քանի որ համոզվեցին, որ հավաքը խաղաղ է. «Ամբողջ աշխարհում ջրցան մեքենան կիրառվում է հատուկ դեպքերում, երբ հնարավոր չէ մոտենալ ժողովրդին, իսկ մեզ մոտ ոստիկանները բազմիցս մտել են մարդկանց մեջ»: Մաքսիմը չբացառեց նաև, որ հնարավոր է՝ ոստիկանությունն այլ մարտավարություն է որդեգրել:

Հետաքրքրվեցինք, եթե Բաղրամյան պողոտայում են լինում, ապա ինչո՞ւ կրկին չեն վերցնում ցույցերի համակարգման պատասխանատվությունը, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Այս պահին նպատակահարմար չենք գտնում, քանի որ հիմա ավելի շատ ուզում ենք հասկանալ՝ աուդիտը որքանով կօգնի մեզ այս խնդրի լուծման համար, քանի որ մասնագետները տարբեր կարծիքներ ունեն այդ հարցում: Այս հարցերով ենք զբաղված, իհարկե, նաև աչքի տակ ունենալով Բաղրամյանի պայքարը»:

Հետաքրքրվեցինք` իսկ ո՞ւր է Վաղինակ Շուշանյանը, ինչո՞ւ չի գալիս Բաղրամյան պողոտա: Մաքսիմը պատասխանեց, որ երեկ երեկոյան այստեղ է եղել ու նաև տեղեկացրեց, որ Վաղինակն ունի առողջական խնդիրներ. «Ինչքան գիտեմ՝ թոքաբորբ է տանում: Ու ոչ միայն Վաղինակը, այլև մեր նախաձեռնող խմբի բազմաթիվ անդամներ, այդ թվում նաև Սոֆյան, թոքաբորբ են տանում: Մինչ այսօր կան երեխաներ, որ ջրցանի վնասներ ստանալուց հետո բուժվում են. ունեն սալջարդեր, մկանային թուլացում: Չենք գնացել դատաբժշկի փորձաքննության, քանի որ հույս չունենք, որ որևէ բան փոխվելու է, բացի այն, որ գործընթացը կձգձգվի ու կմտնի փակուղի»:

Այն տպավորություններին, թե շարժումը մարում է և մեր հարցին` հնարավո՞ր է լինի այն, ինչ Օսիպյանն էր կանխատեսում` շարժումը ինքն իրեն ցրվի, Մաքսիմը պատասխանեց. «Եթե մեր պահանջը կատարվի, մենք մեզնով դուրս կգանք Բաղրամյան պողոտայից: Այնպես չէ, որ մենք անտուն ենք, խնդիր ունենք Բաղրամյան պողոտայում բնակվելու»:

Մաքսիմը պատմեց նաև, որ իրեն աշխատանքից ազատել են քաղաքացիական շարժումներում ներգրավված լինելու համար:

Դառնալով ոստիկանության`հավաքը ցրելու մասին սպառնալիքներին և հավաքի անցկացման վայրը փոխելու հորդորներին, Մաքսիմն ասաց. «Այստեղ խաղաղ հավաք է, որի իրավունքն ունի ցանկացած ՀՀ քաղաքացի թե՛ Սահմանադրությամբ, թե՛ եվրոպական կոնվենցիաներով: Թող ոստիկանությունը չփորձի սպառնալ որևէ մեկին: ՀՀ քաղաքացին այստեղ իրացնում է իր իրավունքը, իսկ իրենք ուզում են մտնել սպառնալիքի դաշտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031