«ՀՀ-ում անտառային, առհասարակ` բուսածածկ տարածքներում հրդեհների վտանգը առավել մեծանում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, քանի որ հենց այս ժամանակահատվածում են երկրի մթնոլորտային տարածք ներթափանցում ջերմային ալիքները»,- այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ անտառային հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում լեռնային անտառների եզակի կենսաբազմազանության համար, բացասական ազդեցություն ունեն հարակից համայնքների սոցիալական կայունության հարցում: Վերջինիս խոսքերով, հրդեհների հետեւանքով առաջացած ծխային աղտոտումները մեծ վնաս են հասցնում մերձակա տարածքներում ապրող բնակչության առողջությանը:
Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությունը ՀՀ-ի տարածքում ձեւավորված հրդեհավտանգ իրավիճակի մասին իրազեկել է բոլոր հնարավոր կառույցներին հրդեհների դեպքում արագ եւ արդյունավետ կերպով արձագանքելու համար. «Ինչպես նաեւ ձեռք են բերվել ջրթափ սարքեր: Ինքնաթիռի միջոցով կարողանում ենք բարձրացնել կես տոննա ջուր եւ իրականացնել հրդեհաշիջում: Նախարարությունը նաեւ ձեռք է բերել 20 լիտր ջրի տարողությամբ հարյուր ուսապարկեր, շուրջ 109 անտառամերձ համայնքներում ձեւավորվում են հատուկ կամավորական հրշեջ փրկարարական ջոկատներ, որոնք ակտիվ աջակցություն կցուցաբերեն արդյունավետ հրդեհաշիջման, ինչպես նաեւ կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում»:
Սյուզի ՄՈՒՐԱԴՅԱՆ