Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս ծնողները չընդունեցին նախագահականից արված առաջարկությունը (Տեսանյութ)

Հուլիս 02,2015 15:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Բաղրամյան պողոտայում էին խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները: Նրանք, ինչպես ամեն հինգշաբթի, այս անգամ էլ եկել էին՝ իրենց՝ տարբեր ատյաններ ուղղված դիմումների պատասխանները ստանալու: Ոստիկանները, որոնք փակել են Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների ճանապարհը դեպի նախագահական, թույլ չտվեցին որդեկորույս ծնողներին եւս անցնել դեպի նախագահական եւ ԱԺ:

Ծնողներին զայրացնում էր, որ ոստիկանական պատնեշն անցնում էին շատ քաղաքացիներ, իսկ իրենց չէր թույլատրվում: «Մենք իրավունք չունենք: Մեզ անընդհատ ասում են՝ այստեղ մի գնացեք, այնտեղ մի գնացեք: Ինչի մենք էլ հո պատա՞նդ չենք: Հերիք չի բանակում էլ էրեխեքին ստրուկի պես են պահում: Մինչեւ ե՞րբ»,- ասում էր մայրերից մեկը:

Ծնողներից մեկն էլ հիշեցրեց. «Օսիպյանը անցած անգամ ասաց՝ այսօր մի գնացեք, էլի… խնդրեց, դրա համար այսօր ինքը չի եկել: Այդ ո՞նց է, մենք ոստիկանների ասածը պետք է կատարենք միշտ, բայց ոստիկանները մեր խնդրանքը չպիտի կատարեն: Նալն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ ՝ ձեր ձեռքը, չագուչն էլ. Մանվել Գրիգորյանը բան ասաց»:

Մի ծնող էլ նկատեց. «Բոլորն էլ անցնում են, մենք չենք կարող միայն: Գնամ, սպիտակ շոր հագնեմ, գամ»: Դրան ի պատասխան՝ կանգնած ոստիկաններից մեկն ասաց. «Ինչի՞ եք ամեն անգամ ուզում կոնֆլիկտ ստեղծել»: «Ինչո՞ւ եք ամեն անգամ դա կրկնում: 14 տարի է՝ կոնֆլիկտի մեջ ենք»,- ասաց որդեկորույս մայրը:

Մանրամասները տեսանյութում.

Ծնողներից մեկը նշեց, որ ՄԻՊ-ի գրասենյակից նրանք «թուղթ» ունեն, որտեղ ներկայացված է, որ իրենք կարող են անցնել բոլոր տեղերով: Հետո նաեւ զանգեց ՄԻՊ-ի գրասենյակ՝ մարդ հրավիրելով Բաղրամյան պողոտա: Նա հեռախոսազրույցում նշեց, որ շատ քաղաքացիների թույլատրվում է անցնել, իրենց՝ ոչ:

Ծնողները նաեւ ոստիկաններին ներկայացրեցին, որ բազմաթիվ դիմումներ են ներկայացրել տարբեր ատյաններ, սակայն պատասխաններ չեն ստացել. «Ինչ, գիտեն մենք պարապ գործերի մինիստր ենք, ամեն օր պիտի դիմում գրենք»:

Քիչ անց Բաղրամյան պողոտա ներկայացան ՄԻՊ-ի գրասենյակից ներկայացուցիչներ, նրանք առանձին ծնողների, ոստիկանների հետ զրուցելուց հետո ասացին, որ թույլատրվում է, որ միայն երկու ծնող գնա նախագահական, սակայն այս առաջարկին ծնողները չհամաձայնեցին. «Մեզանից յուրաքանչյուրն իր խնդիրն ունի, ինչո՞ւ պիտի երկուսս գնա, բոլորս էլ պետք է ներկա լինենք: Մենք իրենց չենք ենթարկվելու»,- ասացին նրանք եւ հեռացան Բաղրամյան պողոտայից:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031