Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Ինչո՞ւ է Ռուսաստանն այսպիսի դաժանություն դրսեւորել, սա շատ դաժան միջոցառում է»

Հուլիս 02,2015 14:09

«Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռի ծանրությունը ժամանակավոր իր վրա կվերցնի կառավարությունը: Ասաց, որ սոցիալական ծախսերին չենք կպնի, անվտանգության ամրապնդման համար նախատեսվող միջոցներից գումարներ կգտնենք: Հիմա հարց է ծագում՝ այս վարկային համաձայնագիրը ըստ էության անվտանգության հետագա ամրապնդման ոլորտին է վերաբերվում, ի՞նչ միջոցների մասին է խոսում Սերժ Սարգսյանը, անվտանգության այդ ի՞նչ միջոցներ են, որը պետք է ուղղենք ՀՀ էներգետիկ ցանցերի ֆինանսական առողջացմանը».- ԱԺ արտահերթ նիստում այս հարցն ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՊՆ փոխնախարար Արա Նազարյանին:

Նիստում քննարկվում է  ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է հունիսի 26-ին Երեւանում: Այդ համաձայնագրով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչեւ 200 մլն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանք մեր երկիր մատակարարելու համար:

Արա Նազարյանը Նիկոլ Փաշինյանին պատասխանեց, որ իրեն չի կարող իրավունք վերապահել՝ մեկնաբանելու գերագույն գլխավոր հրամանատարին. «Բացառվում է, որպեսզի նշված վարկային միջոցներից կամ ՊՆ բյուջեով նախատեսված միջոցներից որեւէ լումա ուղղվի այն նպատակների համար, ինչ դուք նշեցիք»:

Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց՝ դա չի նշանակում, որ հարցը դուրս եկավ:

Հրանտ Բագրատյանն էլ հարցրեց. «Փաստաթղթում նշված է՝ եթե վարկը դառնում է ժամկետանց, 3 տոկոսը դառնում է 4.5 տոկոս: Ժամկետանց պարտք դառնալու դեպքում պարտքը դառնում է համախմբված պարտք եւ համախմբված պարտքի դեպքում ռուսական կողմն իրավունք է ստանում համախմբված պարտքը հայտարարել անմիջապես մարման ենթակա: Չեմ կարող ասել, որ պարտքերի մեծ մասնագետ եմ, բայց ֆինանսիստ եմ, եւ գտնում եմ, որ սա շատ դաժան միջոցառում է, դաժան պատժիչ տնտեսական գործողության հստակ տարրեր պարունակող: Այսինքն, ռուսական կողմը իրավունք է ստանում ինչ ուզենա հայտարարի, ինչո՞ւ է այսպիսի դաժանություն դրսեւորել»:

Արա Նազարյանը պատասխանեց, որ մաթեմատիկական հաշվարկներով եթե 4.5 տոկոս է դառնում, ապա այո, այդպես է. «Ինչ վերաբերում է դաժանությանը, ես էլ ճիշտն ասած պարտքերի մասնագետ չեմ: Կարծում եմ, այստեղ որեւէ սարսափելի բան չկա»:

Հետո Հրանտ Բագրատյանն ասաց՝ զինատեսակներ կան, որ ավելի վաղ մատակարարվել են Ադրբեջանին, զինատեսակներ կան, որոնց արտադրությունը նոր սկսելու է, բայց պարտքի տոկոսը հաշվում են արդեն:

Փոխնախարարն էլ պատասխանեց՝ ընդունենք, Ադրբեջանին մատակարարվել են, հիմա մենք չունենա՞նք դրանից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031