Լեռնային Ղարաբաղում ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ նամակ է ուղարկել հարազատներին: Այս մասին, ըստ «Vesti.az»-ի, ասել է դիվերսանտի եղբայրը՝ Սահիբ Մուսաեւը:
Նամակում ասվում է, որ Դիլհամ Ասկերովը Շուշիի բանտում է. «Բոլորին բարեւեք: Առողջական վիճակս նորմալ է: Ինձ այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: Շաբաթը մեկ անգամ այստեղ բաղնիքի օր է, ամեն օր մեկ ժամ զբոսանք: Այս պահին ես Շուշիում եմ: Իմ խցում կա ծորակ: Իմ «դատական գործընթացներն» ավարտվել են: Երազումս տեսել եմ անտառապահ Ալլադինին: Ինչպե՞ս է նա»,- գրված է նամակում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հրապարակած վճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ լրտեսության, սահմանը ապօրինի հատելու, հրազեն կրելու, առեւանգման եւ սպանության համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ