Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Սոցիալական խնդիրները երգի-պարի անսամբլում չպետք է լուծում ստանան

Հուլիս 02,2015 13:40

«Բաղրամյան պողոտայում այս պահին տարբեր շահեր սպասարկող, տարբեր խմբավորումներ են, որոնք չունեն միասնական ձևակերպված օրակարգ և դա է իրենց թույլ օղակը: Իսկ ինչու չունեն, որովհետև տարբեր շահեր սպասարկող խմբավորումներ են,  որոնք, ըստ էության, որևէ շահ չեն էլ սպասարկում, պարզապես այնտեղ են, որովհետև այնտեղ հավաքվում են մարդիկ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա գրագետ ձեւակերպում չի համարում այն, որ խնդիրները չպետք է քաղաքականացնել: Տիկին Զոհրաբյանի համոզմամբ, բոլոր խնդիրները, այդ թվում նաև սոցիալական, լուծում կարող են ստանալ միայն մեկ դաշտում` քաղաքական. «Չեմ պատկերացնում, որ սոցիալական խնդիրները, ասենք, երգի-պարի անսամբլում պետք է լուծում ստանան, բայց որ որևէ քաղաքական ուժ այնտեղ դոմինանտ չէ այս պահին՝ միանշանակ է»:

Նրա դիտարկմամբ, այս պահին Բաղրամյան պողոտայում քաղաքական, հասարակական տարբեր ակտիվիստներ են, որոնք ուղղորդվում են տարբեր կողմերից, սպասարկում են տարբեր շահեր ու ենթաշահեր, հիմնականում միմյանց հակասող. «Իսկ դա հիմքն է քաոտիկ իրավիճակի, ինչը վերջին օրերին մենք արդեն տեսնում ենք: Ոստիկանությունը, ինչպես տեսնում ենք, ընտրել է ուժ չկիրառելու մարտավարություն, թույլ տալով, որ շարժումը, որն, ըստ էության, չունի միասնական օրակարգ և առաջնորդ, իսկ նման շարժումները շատ հեշտ է մաշեցնել, տանում են շարժումը հենց դրան`մաշեցնելու»:

Պատգամավորը հիշեցրեց, որ երբ ԲՀԿ-ն ժամանակին ասում էր, որ սոցիալական բոլոր հարցերը պետք է լուծել քաղաքական դաշտում և թույլ չտալ, որ սոցիալական հարցերը դուրս գան քաղաքական օրակարգից, քանի որ այդ պարագայում որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, հայտնվում են բազմաթիվ պատասխանատուներ ` իրար հակասող բազմաթիվ շահերով: Դա էլ բերում է քաոսի, ինչի ականատեսն ենք:

Նա հիշեցրեց նաեւ, որ ԲՀԿ-ն լրջագույն առաջարկությունների փաթեթ էր ներկայացրել և եթե ժամանակին կառավարությունը ականջալուր լիներ դրան, որտեղ հստակ տրված էին թե փոխհատուցման ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր հասնել նրան, որ էլէներգիայի սակագինը չբարձրանա` այսօր չէինք ունենա այն իրավիճակը, ինչ ունենք:

«Ես կդժվարանամ կանխատեսումներ անել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, բայց դատելով ընդհանուր գործընթացից` վստահ եմ, որ ոստիկանները կշարունակեն իրենց այդ ուժ չկիրառելու մարտավարությունը, իսկ քանի որ ցուցարարները չունեն միասնական օրակարգ, հստակ ձևակերպված պահանջներ և իրենց պահանջները հակասում են միմյանց, չեմ կարծում, որ այդտեղ որևէ լուրջ գործընթաց կարող է հասունանալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելով, որ եթե ցուցարարները կարողանան ձևակերպել միասնական օրակարգ, կարողանան ունենալ միասնական ղեկավարվող մարմին, նույնիսկ տարբեր կազմակերպություններից կազմված, միգուցեև շարժումն ունենա հաջողություն. «Ես ցավում եմ, որ իսկապես ազնիվ մղումներով, իսկապես սոցիալական արդար պահանջի վրա ձևավորված երիտասարդների շարժումը պառակտվեց կամ կարողացան հասնել նրան, որ այն պառակտվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031