Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը՝ Բաղրամյան պողոտայի ցույցերի մասին.«Եթե քաղաքական չէ, գնա էլեկտրիկի դեմ ցույց արա»

Հուլիս 02,2015 13:26

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ նոր քաղաքական մշակույթ է ձևավորվել: «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Երբեք ՀՀ որևէ իշխանություն չէր հանդուրժել ոչ թե մարդկանց ներկայությունը փողոցում, այլ չէր ընդունել, որ երկրում կարող է որոշում ընդունողն ինքը չլինի: Իսկ այստեղ որոշում ընդունողը եղան քաղաքացիները»:

Անդրադառնալով ՌԴ-ում տարածվող կեղծ լուրերին, թե Բաղրամյան պողոտայում իբր Պարույր Հայրիկյանը եվրոպական դրոշ է պարզել, և իրեն ստիպել են այն իջեցնել, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Իմ դրոշը չի եղել, եղել են չորս դրոշներ, իմ ձեռքին հիմնականում հայկական եռագույնն էր: Մի քանիսը մոտեցել են ինձ այդ օրը, բայց անմիջապես փախել են: Դա միայն Հայաստանից գնացող ստախոսը չէր ասում, այլ հաղորդավարն էլ էր իմ անունը տալիս, ուստի նշանակում է, որ նախապես մշակված ծրագիր էր»:

Պարույր Հայրիկյանը հավաստիացրեց, որ դրա պատասխանը ինքը շուտով կտա գործով ու նշեց. «Պատասխանը կլինի ոչ թե այդ միջակություններին, այլ նրանց պապոչկաներին»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ոստիկանության զգուշացումը ցուցարարներին, որ եթե չլքեն Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը ուժ կկիրառի, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Առաջին օրվանից սպառնում են, բայց ավելի մեծ սպառնալիք է եվրոպական ճնշումը: Իրենց հայտարարությունները բավականին ազդեցիկ էին, ավելի մանրամասնությունների եմ տեղյակ, բայց քանի որ փաստերով չեմ կարող մատուցել, չեմ ուզում փակագծեր բացել: Բայց լուրջ ճնշում կա եվրոպական կողմից, այս ամենի հիմնական պատճառը դա է, այլ ոչ թե մի քանի քաղաքացիների և զանգվածի տրամադրությունները, որոնք, իհարկե, գործոնն են»:

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ «Շատ լկտիացան մեր քաղաքացիների հանդեպ, երկու անգամ Վրաստանից թանկ է հոսանքը, բայց դեռ խոսում են թանկացման մասին»:

Պարույր Հայրիկյանը չցանկացավ անդրադառնալ ոստիկանապետ Վովա Գասպարյանի վարքագծին՝ նշելով, որ նա «Սերժ Սարգսյանի զինվորն է»:

Մեր հարցին՝ որակական փոփոխություն տեսնո՞ւմ է Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց մոտ, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Արդեն պակասել են մարդկանց վրա ճնշում գործադրողները, թե սա քաղաքական պայքար չէ և այլն, դրոշներն էլ են պակասել. երեկ դրոշներ տարա նվիրեցի: Բայց մյուս կողմից՝ ավելի գրագետ են դարձել»:

Մեր այն հարցին՝ փաստորեն իր խոսքից հասկացվում է, որ շարժումն արդեն քաղաքականացվե՞լ է, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Մեկ օր կարող ես ասել տառերը չգիտեմ, երկու օր, բայց եթե գնում ես քաղաքական բարձրագույն իշխանության դեմ, ապա դա քաղաքական է: Եթե քաղաքական չէ, ուրեմն գնա էլեկտրիկի դեմ ցույց արա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031