«Ասել, որ վերջացել է հասարակության ներքին յուրօրինակ հակադրությունն այսօր՝ չեմ ասի, եւ համոզված եմ, որ դա շարունակություն կունենա»,- հուլիսի 2-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Նա համոզված է, որ այդ ռեսուրսը չի կարող սպառված լինել: Առաջացած էներգետիկան երկինք չէ, որ բաց թողնված է: Ըստ նրա՝ նոր զարգացումներն անխուսափելի կլինեն. «Ինչպես նկատում եք՝ այդ նոր զգացողություններն այս անգամ կայուն պասիվության տարրից զուրկ են, ինչպիսին են եղանակները, այսինքն՝ ամառը հանգիստ է, հետո լինում է թեժ աշուն, դրանից հետո Նոր տարի է մոտենում եւ խաղաղ ձմեռ է: Այդ պասիվ կողմնորոշումն այսօր այլեւս գոյություն չունի եւ իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում գոյություն ունեցող արդի իշխանությունների հարցում միջազգային փոխհամաձայնություն գոյություն չունի»:
Վարդան Խաչատրյանը համարում է, որ գոյություն ունի մի իրավիճակ, որն իր մեջ ընդհանուր լարման եւ համընդհանուր ճգնաժամի տարրեր է կրում. «Մենք հիշում ենք, որ սա միակ սակագնի բարձրացումը չէ Հայաստանում, էլի սակագնի բարձրացումներ են եղել, սակայն բազմաթիվ գործոնների միագումարում: Ես վախենում եմ մի բանից, որ քաղաքակրթության անիվը անցնում է Հայաստանի վրայով, մի անգամ էլ թո՛ղ կողքից անցնի: Չէ՛, երեւի թե այդտեղ էական նշանակություն ունի Հայաստանի աշխարհագրական դիրքը, նրա ունեցած ազդեցությունը աշխարհով մեկ, նրա ունեցած մեխանիկական ազդեցությունը՝ լրատվական տեսակետից, ինչը որեւէ կերպ կանգնեցնել հնարավոր չի լինում: Այս ամենը որպես գործոններ գումարվելով եւ ներկայիս մեծ աշխարհաքաղաքական խաղի կարեւոր բաղադրիչ դառնալով՝ Հայաստանը չի կարող խուսափել ներքին լարման այսպիսի վերելքներ- վայրէջքներից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ