Կառավարության որոշմամբ «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով կվերակազմակերպվեն՝ ստեղծելով «Սևանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն։
Ինչպես կառավարության նիստին հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան քաղաքի առողջապահական համակարգը արդիականացնելու և ծառայությունների մատուցման մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
«Նկատի ունենալով, որ Սևանի հիվանդանոցի մասնաշենքերը ներկայումս տեղակայված են բնակչության համար անհասանելի վայրում՝ մայրուղու հարևանությամբ, որոնցից մեկն ընդհանրապես չի շահագործվում, նոր ստեղծված հիվանդանոցի հարևանությամբ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի միջոցներով կկառուցվի հիվանդանոցային նոր մասնաշենք։ Իսկ ազատվող տարածքները կտրամադրվեն «Սևան» հոգեբուժական հիվանդանոցին, ընկերության աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու համար»,- ասաց Արմեն Մուրադյանը։
Վարչապետը հետաքրքրվեց, թե երբ կսկսվեն նոր հիվանդանոցի շենքի շինարարական աշխատանքները։ Նախարարը տեղեկացրեց, որ ներկայումս ընթանում է գնահատման փուլը, հինգ ամիս կտևի նախագծային աշխատանքները և շինարարությունը կսկսվի 2016թ-ի սկզբին, կտևի շուրջ երկու տարի։
Կարդացեք նաև
Հովիկ Աբրահամյանը հորդորեց աշխատանքներում ներգրավել նաև Գեղարքունիքի մարզպետին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ