Հարց. Հարցս ուղղված է Հայաստանի արտաքին գործերի նախարարին՝ կապված երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների, ցույցերի հետ: Պարո՛ն նախարար, չե՞ք կարծում արդյոք, որ Հայաստանի նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ՝ հանրությանը պառակտելու նպատակով:
Էդվարդ Նալբանդյան. Անկեղծ ասած՝ այդքան էլ լավ չհասկացա՝ ինչ նկատի ունեք տվյալ պարագայում՝ ասելով «երկակի ստանդարտներ»: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Կառավարությունը, երկրի ղեկավարությունը կոչ է անում, հրավիրում է ցուցարարներին երկխոսության: Այս առումով ընդունվեցին որոշակի որոշումներ: Կառավարության կողմից որոշում կայացվեց փոխհատուցել թանկացումները նրանց համար, ովքեր ունեն սահմանափակ եկամուտ:
Այնուհետև առաջարկվեց աուդիտ անցկացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ միջազգային անկախ փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ բողոքի ակցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Որովհետև ցուցարարների կողմից որոշակի դժգոհություն, անվստահություն կար՝ այդ ընկերության նկատմամբ: Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի: Մինչ աուդիտի ավարտը, որը լույս կսփռի, կպատասխանի հասարակությանը հուզող հարցերին, կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման բեռը:
Այնպես որ, կառավարության, երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ երկխոսության հաստատման, ծագած հարցերի լուծման համար: Այդ մասին կոչ են անում նաև միջազգային հանրության ներկայացուցիչները: Նրանց կողմից արտահայտված անհանգստությունը մենք դիտարկում ենք որպես աջակցություն մեր երկրում ժողովրդավարական գործընթացին: Մենք մեր հերթին վերահաստատեցինք, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, հիմնարար ժողովրդավարական ազատություններին։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ