Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Խանջյան. Նրանք ունեն հստակ ծրագիր, պատվեր օտարերկրյա կազմակերպություններից. «Հայոց աշխարհ»

Հուլիս 02,2015 12:20

Արձակագիր ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ հավատում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդների անկեղծությանը

-Բայց նրանց կողքին, ինչպես միշտ, հայտնվում են, այսպես ասած, ակտիվիստներ: Ի դեպ, դա տարբեր տեղերից կերակրվող, ամեն տեղ հայտնվող մարդկանց նոր մասնագիտություն է: Նրանք այնքան էլ չեն մտածում երկրի ապագայի մասին, նրանց համար բոլորովին նշանակություն չունի՝ սակագինը կբարձրանա՞, չի՞ բարձրանա, ժողովուրդը լա՞վ կապրի, վա՞տ կապրի:

Նրանք ունեն հստակ ծրագիր, պատվեր օտարերկրյա կազմակերպություններից կամ այլ, այսպես ասած, «կանալներից», սնվում են նրանց գումարներով եւ միշտ՝ ուզածդ առիթով (շենք քանդելու, ծառ կտրելու եւ այլն) հայտնվում են «դեպքի վայրում», այսինքն՝ երբեք չեն կորցնում երկիրը ցնցումների մեջ պահելու հնարավորությունը:

   -Ոմանք ասում են, որ այս քաղաքացիական շարժումը կարող է վերաճել քաղաքականի, որի պահանջներն էլ արդեն արմատական կլինեն:

-Իհարկե, մեր երկրում կան մարդիկ, ովքեր առավելագույնս կամ ինչ-որ չափով գիտակցում են, թե որն է մեր ճանապարհը, այն ուր է տանելու: Սակայն նրանք, ցավոք, այնքան ակտիվ չեն, որքան մյուսները, ովքեր ուզում են անընդհատ բախումներ հրահրել:
Բացի դրանից, նրանք կարծես երկիրը բաժանել են երկու մասի. այն կողմից թշնամիներ են, այս կողմից՝ իրենք էլ չգիտեն, թե ովքեր են: Խոսքս դրանց մասին է:

Կարող է այս շարժումը քաղաքականի էլ վերափոխվել, բայց դա պետք է արվի նորմալ, հավասարակշռված, որ բոլորին հասկանալի լինի՝ ինչն ինչոց է, այլ ոչ թե պետք է հայհոյել բոլորին: Կարծես ոչ մի արժանի բան չի արվել երկրում, կարծես ոչ ոք, իրենցից բացի, չի մտածում երկրի մասին: Եվ կարծես իրենք նաեւ գիտեն, թե ինչ ուղղությամբ պիտի տարվի երկիրը:

Գուցե իրենք դա չեն ասում, բայց կասեմ՝ իրենք ուզում են երկիրը տանել միանգամից թուրքի գիրկը: Նրանց համար որեւէ սրբություն գոյություն չունի, նույնիսկ այդ ազնիվ տղաներին՝ Վաղինակին ու մյուսներին են սկսել վարկաբեկել:

   -Որոշ հայտնի մարդիկ հայտնվեցին Բաղրամյան պողոտայում որպես «կենդանի պատ» ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: 

-Այդ պատ կոչվածը մեծ մասամբ սեփական անվան PR էր: Ի դեպ, սա էլ նման դեպքերում նկատվող մի նոր երեւույթ, ուղղություն է՝ երեւալ, նկարվել, որպեսզի բոլորն իմանան իրենց քայլի մասին:

Պատս ո՞րն է, ի՞նչ է, ոստիկանները պատրաստվում էին ի՞նչ անել այդ երեխաներին: Ես որքան տեսա, նրանց միջեւ շատ նորմալ հարաբերություններ էին:

   -Այս եւ նման բարդ իրավիճակներում ի՞նչ պետք է անի մտավորականը: Պետք է ամբիո՞նն օգտագործի, դժգոհ զանգվածի կողքի՞ն լինի:

-Մտավորականությունը շատ ամբիոններ ունի. մեկը թերթ ունի, մյուսը՝ հեռուստատեսություն, երրորդը՝ կուսակցական հարթակ: Նա պետք է բացատրություններ տա, առաջարկություններով հանդես գա: Դա է իր տարածքը: Ուրիշ ի՞նչ կարող է անել: Հո կացինը չի՞ առնելու ու հրապարակ դուրս գա: Բայց, ախր, կացինի առիթ էլ չկա, այն հենց այնպես ստեղծվում է։

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031