Դեռ անցած տարվա վերջից շրջանառվող և պարբերաբար թարմացվող լուրերը, որ շուտով պաշտոնանկ է արվելու ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, վերջինիս բավականին դյուրագրգիռ են դարձրել, հատկապես՝ մամուլի ներկայացուցիչների հանդեպ։ Հայաստանում գործարար միջավայրի և կառավարության գործունեության վերաբերյալ մեր հարցերը նախարարին հունից հանեցին, և նրա բողոքն առ լրատվամիջոցներ՝ հորդեց հեղեղի պես։
– «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ այս տարի ՀՀ-ում գրանցվել է 7503 տնտեսվարող սուբյեկտ՝ 4949 լուծարվածների դիմաց։ Բայց արդյոք այդ բացվածներն իրականում գործո՞ւմ են։ Բիզնեսմեններն ասում են, որ գրանցվելը դյուրինացել է, բայց գործարար միջավայրը՝ ոչ, և նոր բացվածները փաստացի չեն գործում։
– Դա ռեգիստրի թվերն են, դա ո՛չ ես եմ ասում, ո՛չ Դուք, ո՛չ էլ երրորդը։ Դուք նման ինֆորմացիա որտեղի՞ց ունեք։
– Բայց մենք ավելի շատ ականատես ենք դառնում փակված բիզնեսների, որ օր օրի ավելանում են։
Կարդացեք նաև
– Իսկ միգուցե փակվածնե՞րն են գործում։
– Դա արդեն ստվերի մասին եք խոսում։
– Չգիտեմ, դուք ասում եք մի բան, որը ո՛չ Դուք կարող եք հաստատել, ո՛չ ես՝ հերքել։ Ձեր նպատակն ի՞նչն է՝ հնարավորինս վա՞տ ներկայացնել, Ձեր նպատակն ի՞նչն է հոռետեսությո՞ւն առաջացնել Ձեր ընթերցողի մոտ, Ձեր նպատակն ի՞նչն է՝ Ձեր ընթերցողի մոտ հնարավորինս հիասթափությո՞ւն առաջացնել ամեն ինչի նկատմամբ։
– Բոլորովին ոչ, ընթերցողներն արդեն հիասթափված են։
– Դուք Ձեր վրա պատասխանատվություն չեք վերցնում, որ Դուք էլ եք պատասխանատու գործարար միջավայրի, ներդրումային միջավայրի, զբոսաշրջային միջավայրի համար։ Դուք համարում եք, որ դուք կողքի կանգնած, կրավորական դիրքով, պահանջողի, քննադատողի և նույնիսկ լավը վատ ներկայացնողի ինչ-որ առաքելություն ունեք, չգիտեմ ինչի, միևնույն ժամանակ՝ չեք կարում ընկալեք…. օրինակ, մի հատ տաքսու վարորդ, էն օրը եկել էին, ռուս տուրիստներից մեկն ասում էր, որ մի տաքսու վարորդն իրանից վերցրեց 4000 դրամ, էն մյուս տաքսու վարորդը էն մյուս ռուս տուրիստից վերցրեց 9000 դրամ։ Հետո էդ նույն 9000 դրամ վերցնողը կբողոքի, կասի՝ Հայաստան տուրիստ քիչ ա գալիս, չէ* որ նրանք իրար պատմում են, առանց հաշվի առնելու, որ էսօրվա իր վերցրած 9000 դրամը հետագայում մի 10 հատ 4000-ից զրկեց։ Ձեր հարցը նմանատիպ բան է, որ, եթե միջավայրը լավն է, ներդրումները շատ են, ձեր մամուլի միջոցներում գովազդները շատ կլինեն, և լրագրողն ինքն իր շահից ելնելով՝ լավը վատ չի ներկայացնի։ Ինքը չի աշխատի անպայման իրա ընթերցողի մոտ հիասթափություն, հոռետեսություն, ապագայի նկատմամբ չգիտեմ ինչ-որ սև բաներ…
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում