Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայկական միրգ»-ը կրկին հայտնվել է ՎՊ-ի տեսադաշտում. «Ժողովուրդ»

Հուլիս 02,2015 11:07

Դեռեւս 2011 թվականին Հայաստանում թարմ մրգի եւ. ընկուզենու արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում ներկայացնելու նպատակով Կառավարությունը ստեղծեց «Հայկական միրգ» ԲԲԸ-ն։ Այն, սակայն, կարճ ժամանակ անց հայտնվեց աղմկալի պատմությունների մեջ՝ վերահսկիչ պալատի կողմից ընկերությունում տեղ զտած չարաշահումների բացահայտման արդյունքում։

Թվում էր, թե դրանից հետո ընկերությունում նոր խնդիրները պետք է բացառվեին, սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ «Հայկական միրգը» կրկին հայտնվել է ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում, ստուգումների արդյունքում ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ նոր՝ բավականին լուրջ խախտումներ են բացահայտվել։

Ըստ ՎՊ-ի՝ աշխատանքներ ու գնումներ կատարելիս պլան-բյուջեով նշված ծավալներից եւ գնման պլանով հաստատված ժամկետներից թույլ են տրվել շեղումներ։ Առանձին դեպքում աշխատանքները կատարելու համար պայմանագիր է կնքվել համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա չունեցող ընկերության հետ։ Նաեւ իրականացվել են գնումներ՝ չունենալով գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի համաձայնությունը։

Ի դեպ, ընկերությունը ձեռք բերված տնկիներից 29 հազար 505 հատը 2015 թվականի գարնանը տնկելու համար պահեստավորել է։ Սակայն ուշագրավն այն է, որ նշված քանակի տնկիների տնկման համար անհրաժեշտ է շուրջ 28 հա հողատարածք, այնինչ «Հայկական միրգ» ընկերությունն ունի ընդամենը 11.4 հա ազատ, վարձակալած հողամաս։

Բացի այս՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տնկիների եւ պատվաստակալների աճեցման, ներմուծման եւ ձեռքբերման ժամանակ խախտվել են «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի, Կառավարության 1998 թվականի մարտի 11-ի որոշման եւ գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի հրամանի պահանջները։

Այս բացահայտումների հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի հետ, ով արդարացավ՝ նշելով, որ ընկերության կատարած գործն ավելի մեծ է, քան ՎՊ-ի հայտնաբերած թերությունները։ «Դրանք մանր-մունր թերություններ են։ Մենք այլ կերպ ենք մեր հաշվարկները կատարում, իրենք՝ այլ կերպ»,- ներկայացրեց ընկերության տնօրենը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031