Համոզված է նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը
«Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը համաձայն չէ, որ Ազատության հրապարակում սկիզբ առած եւ Բաղրամյան պողոտայում զարգացող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ շարժումն ամեն դեպքում ի ցույց դրեց նաեւ հայ-ռուսական հարաբերություններում առկա խութերը: Համենայնդեպս, ըստ նրա, չկան գլոբալ խնդիրներ, որոնք հակասում են կամ խանգարում են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը: Նա շատ էական է համարում այն, որ մինչեւ երեկ առավոտ, համենայնդեպս, բողոքողների միջեւ չեն եղել հակառուսական տրամադրություններ. «Ես տեսել եմ բոլոր այն արեւմտամետ հասարակական եւ քաղաքական գործիչների ելույթները, որոնք փորձում էին գցել այդ ցեցը:
Բայց նաեւ տեսել եմ, որ ցուցարարների 99 տոկոսը դրան տուրք չի տվել, եւ, իմիջիայլոց, դրանով էլ ուժեղ էր այդ ցույցը: Թե ի՞նչ կլինի հետո` ես դժվարանում եմ ասել: Եթե դա պիտի վերաճի քաղաքական պայքարի, ուրեմն ես կմտածեմ, իմ վերաբերմունքն էլ պիտի փոխվի, քանի որ երեք տարի է՝ ես հայտարարել եմ, որ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, քաղաքական կյանքին չեմ մասնակցում: Մինչեւ հիմա իմ վերաբերմունքը, ինչպես երեւանցիների մեծ մասինը, եղել է ըմբռնումով եւ դրական»: Ըստ նրա՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը այնքան ռազմավարական նշանակություն ունի ՌԴ-ի համար` հարավային ուղղությամբ եւ տարածաշրջանային քաղաքականության իմաստով՝ ՀՀ-ի համար, որ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արժեքները կասկածի տակ դնելը «խաթայի կբերի երկուսիս էլ»:
Մեր զրուցակիցը հակված է աշխատել դրանց իրական ամրապնդման ուղղությամբ: Նկատեցինք, որ խոսքը ոչ թե կասկածի տակ առնելու մասին է, այլ որ ՌԴ-ն մեծ եղբոր դիրքերից հանդես չգա, գործի հավասարը հավասարի սկզբունքը, հօդս ցնդի այն միֆը, որ Հայաստանն ու հայերն առանց ՌԴ-ի չեն կարող գոյատեւել, Արամ Սաֆարյանը հակադարձեց. «Աշխարհում շատ բարդ է հասնել հավասարը հավասարի հարաբերություններին: Այդ խնդիրը ունեն բոլոր եվրոպական փոքր պետությունները, ամբողջ Լատինական Ամերիկան, Հեռավոր Արեւելքը` Չինաստանի հետ հարաբերություններում: Ես կարծում եմ, որ մենք ունենք բացառիկ հնարավորություն եւ դրական ֆոն` Հայաստանում, լինելով հայերի պետություն, եւ ՌԴ-ում, լինելով ՌԴ պետականաստեղծ յոթ ազգերից մեկը, կառուցելու երկկողմ հարաբերություններ: Եթե թերանում են, թերանում են քաղաքական գործիչները, քաղաքագետները, հասարակական երկխոսություն վարող մարդիկ: Նրանցից պետք է պատասխան պահանջել»:
Կարդացեք նաև
Արամ Սաֆարյանը նկատում է, որ վերջին 25 տարիների ընթացքում այժմ բավական լարված ու ծանր միջազգային ու տարածաշրջանային վիճակի մեջ ենք ապրում, քանզի իր նկատմամբ Արեւմուտքի ճնշումները ՌԴ-ը ընդունել է իբրեւ քաղաքակրթական սպառնալիք` իր արժեքների նկատմամբ: Աշխարհի խաղացողներն այս ընթացքում բավական մեծ ուշադրությամբ են վերաբերվում ՌԴ-ն աշխարհին միացնող հարեւանության մեծ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ուստի մեր խնդիրը, ըստ մեր զրուցակցի, բարդանում է նրանով, որ մեր երկրում մենք պարտավոր ենք մեզ պահել այնպես, որպեսզի չառաջացնենք աշխարհի խաղացողների խանդոտ ու չար վերաբերմունքը: «Իսկ դրա համար երկու բան է պետք` ծայրահեղ զսպվածություն եւ ուշադրություն, ինչը հարիր է մեր հայկական բնավորության գծին, եւ ներհասարակական անկեղծ երկխոսություն: Կուտակված խնդիրների պոռթկումը ցույց է տալիս, որ մեր երկրում մենք դեռ չենք սովորել, չենք ցանկանում, փախչում ենք անկեղծ հասարակական, համահայկական երկխոսությունից»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Իսկ ռուսական ընկերության գործունեության առումով առաջացած խնդիրների լուծման համար նա էական է համարում նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախարար Սոկոլովի հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությունը` ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին. «Ես համոզված եմ, որ այդ աուդիտն իմաստ ունի անցկացնել միայն այն դեպքում, եթե հասարակական խավերի ներկայացուցիչները, դժգոհողների կոմպետենտ ներկայացուցիչները դրան մասնակից դառնան: Եթե հասարակության ներկայացուցիչները չեն մասնակցելու, այդ աուդիտը շատ թանկ գործ է եւ բոլորովին իմաստ չունի անցկացնել, քանի որ դա անելն ինքնանպատակ չէ»: Նախագահ Սարգսյանի հեռուստատեսային ելույթում հնչած մտքերը Արամ Սաֆարյանի գնահատմամբ` լուրջ մտածելու բաներ են, քանզի չի բացառվում ՀԷՑ-ի ազգայնացումը, սեփականատիրոջ փոփոխությունը, ու եթե նոր սեփականատերը լինի հայ, ամեն դեպքում ՀԷՑ-ը կլինի հայկական կապիտալ, ինչից դարձյալ որոշակի օգուտներ կստանանք: Բայց եթե ՀԷՑ-ը մնա էլ ռուսական ընկերության սեփականություն, ապա աուդիտի արդյունքները շատ բաներ կարող են փոխել: «Հնարավորությունները շատ են, բայց դրանց մասին խոսել է պետք: Նախագահն իր ելույթում թվարկեց, բայց քննարկում է պետք, որպեսզի յուրաքանչյուր տարբերակ իմաստավորվի, քանզի դրանցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է եւ գայթակղիչ, եւ միաժամանակ խնդրահարույց բաներ: Հասունացել է հասարակական երկխոսությունն առաջ տանելու պահը, եւ մեր լրատվամիջոցների համար բացառիկ հնարավորություն կա չքաղաքականացված միջավայրում Հայաստանում վարելու այսօրինակ խնդիրների մասին երկխոսություն: Հենց այդ խնդիրները քաղաքականացվեն, դաշտը կպառակտվի, բոլորն իրար դեմ դուրս կգան, այս փորձն էլ անհաջողությամբ կավարտվի»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.07.2015