Լրահոս
Օրվա լրահոսը

«88-ից հետո առաջին անգամ ունեցանք շարժում, որում բացվեց ժողովրդի ստեղծագործական երեւակայությունը»

Հուլիս 02,2015 15:30

Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ «կենդանի պատը» ոչ մի դեր չի խաղացել՝
թող ոչ մեկը ինքնախաբեությամբ չզբաղվի

«Ստանդարտ ձեւեր են՝ ազդելու հատկապես այն քաղաքացիների վրա, որոնք այնքան թրծված չեն քաղաքական անցուդարձի մեջ: Եվ այդ մարդկանց, բնականաբար, կարողանում են շփոթեցնել, տանել-բերել, իրենց թեզիսների տակ գցել: Բայց մեծ հաշվով դա չի նսեմացնում այն, ինչ եղավ այս օրերին, որովհետեւ ամենակարեւորն այն է, որ առաջին անգամ 88-ից հետո մենք ունեցանք մի շարժում, որում բացվեց ժողովրդի ստեղծագործական երեւակայությունը, եւ մարդիկ առանց լիդերների կոչերի, առանց կազմակերպման, ամեն մեկը կատակում էր, ինչ-որ կարգախոսներ էին բերում, ժողովրդական դիվանագիտություն էր գործածում ՌԴ-ի լրատվամիջոցների դեմ: Ամեն մեկը իր կարեցածի չափով, իր հումորի չափով: Եվ դա հիշեցրեց ինձ 1988-ը»,- «Առավոտի» հետ զրույցում «Ոչ թալանին» շարժումն ու իշխանությունների գործողություններն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա գնահատմամբ՝ շարժումը լուրջ արդյունք է գրանցել՝ իշխանությունը սարսափած է. «Դա ակնհայտ է՝ իրենց հիստերիկ կեցվածքից, իրենց շարժուձեւից եւ լեղապատառ գործողություններից, որ փորձում են մի կերպ ազդել շարժման վրա՝ գլխատեն, ջլատեն, շոուներ սարքեն: Ստանդարտ տեխնոլոգիաներ են սովորական, որի նպատակն այն է, որ փորձեն ազդել ձեւավորվող դիմադրության օջախների վրա: Պարզ բան է՝ աղոթեն, աղոթացնեն, հարձակվեն, գլխատեն: Ստանդարտ մեթոդներ են: Ընդ որում, բոլոր բռնատիրական իշխանություններն այդ տեխնոլոգիաները կիրառել են, ուղղակի հիմա փորձում են սա կատարելագործել: Քանի որ աշխարհին դեմոկրատական ֆասադ են ներկայացնում, հիմա անգամ Ազատության հրապարակում կազմակերպված հավաքներն էլ են ուզում վերցնել իրենց վերահսկողության տակ, լույս են վառում, տեխնիկա են տալիս, չգիտեմ՝ ինչեր են անում»:

Հաջողվո՞ւմ է իշխանություններին ջլատել շարժումը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ինչ-որ բան իրենց, բնականաբար, հաջողվում է, բայց օրինակի համար հունիսի 28-ի իրադարձությունները կարելի է բնորոշել որպես ձախողում, որովհետեւ հստակ ռեժիսուրա կար, որ մարդկանց ուզում էին տանել Ազատության հրապարակ, արդեն պատրաստ էին վրան էլ տրամադրել, էլեկտրականություն էլ տալ, միայն թե ժողովուրդը թողնի գնա Բաղրամյան պողոտայից»:

Վալերի Օսիպյանն ասել էր, որ բռնի ուժ չեն կիրառելու, Բաղրամյանում հավաքվածները իրենք իրենց կցրվեն: Մեր այս դիտարկմանը Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Դե, իրենց մտքերը այդպես գնալովի-գալովի են: Մեկ բռնություն կկիրառեն, մեկ՝ չեն կիրառի: Նախ, սկսենք նրանից, որ չեն կարող բռնություն կիրառել: Արդեն փորձը ցույց տվեց, եւ հանրության ռեակցիան ցույց տվեց, որ նրանք չեն կարող դա անել: Եթե բռնություն կիրառեն, տասնապատիկը կստանան: Հավատացեք, այդտեղ միակ որոշիչ ֆակտորը եղել է դա՝ ժողովուրդն այնքան շատ է եղել եւ այնքան վճռական, ընդ որում՝ ավելի կարեւոր է ոչ թե ժողովրդի քանակը, այլ այն ռեակցիան, որը հետեւեց 300 մարդու նկատմամբ կիրառված բռնությանը: Ոստիկանությունը հասկացավ, որ ինքը չի կարող ուժ կիրառել: Այն պատեր, բան, կենդանի… դա ոչ մի նշանակություն չունի»:

Մեր դիտարկմանը, որ «կենդանի պատ» կազմողները վստահեցնում են, որ դա շատ կարեւոր դեր խաղաց լարվածությունը թուլացնելու գործում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Նախ՝ փաստը ցույց տվեց, որ եթե պետք է՝ ճեղքում են այդ պատը, երկրորդը՝ ակնհայտ է, որ ոչ մի պատ չէր կանգնեցնի նրանց, եթե չլիներ ժողովրդի վճռականությունն ու ժողովրդի ռեակցիան: Թող ոչ մեկը ինքնախաբեությամբ չզբաղվի, ժողովուրդն է իրեն ապահովել բռնությունից»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ իշխանության պահվածքն ակնհայտորեն ադեկվատ չէ. «Նրանք չեն տիրապետում ժողովրդի տրամադրություններին, չեն հասկանում՝ ինչ է կատարվում երկրում: Իրենց գործողությունները դա են ցույց տալիս՝ մեկ որոշում են հարձակվել ժողովրդի վրա, մեկ որոշում են փակել փողոցը, չթողնել ժողովրդին ներս, մարդիկ ավելի են դրանից գրգռվում: Հիմա, փառք Աստծո, հասկացել են, որ բռնությունը հակառակ արդյունք է տալիս, եւ բռնության չեն դիմում: Բայց ինչ էլ լինի այս շարժման վախճանը, կարեւորը հետեւյալն է՝ Հայաստանի ժողովուրդը վերափոխվել է: Այսօր դա կլինի, թե վաղը՝ իշխանությունները գնալով հայտնվելու են ավելի ծանր վիճակի մեջ, եւ կարեւորն այն է, որ ժողովուրդը զգաց իր ուժը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
01.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031