Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն ցուցարարներին ոստիկաններից պաշտպանող «կենդանի պատի»

Հուլիս 02,2015 15:00

Արդեն դժվար էլ է զատորոշել, թե ով է առավել խիստ անձնական հակակրանք զգում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ գիշերներ լուսացնող «կենդանի պատի» հանդեպ՝ հենց իրենք ոստիկաննե՞րը, թե՞ զանազան կուսակցականները, որոնց համար անհաճո դեմքեր կան այդ «կենդանի պատի» մեջ:

Բարձրաստիճան ոստիկանները այնպես են չքմեղանում, թե չկա այդ պատի անհրաժեշտությունը՝ կարծես չեն եղել հունիսի 23-ի դեպքերը, երբ բռնություն էին գործադրել թե ցուցարարների, թե կատարվածը լուսաբանողների նկատմամբ: «Ինձ համար նույնիսկ անհասկանալի է, երբ գալիս են այստեղ մեր եւ ցուցարարների միջեւ պատնեշ են կազմում, ումից են պաշտպանում՝ ես էլ չգիտեմ»,- ասում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ կատարվածից ընդամենը մի քանի օր անց: «Էդ կենդանի շի՞թ եք կանգնել… Մե՞նք ենք էս ժողովրդի թշնամին… Ոստիկանությունը գործողություն չի անի իր ժողովրդի նկատմամբ»,- գոռում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Իհարկե, երբ եք արել որ»,- հեգնում է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որը նույնպես մաս էր կազմել «կենդանի պատին»:

Այս պատի անհրաժեշտությունը հստակ երեւաց հունիսի 28-ին, երբ թվում էր, թե մազ է մնում, որ կրկնվեր հունիսի 23-ին կատարվածը: Հենց այդ պահին էր, որ «կենդանի պատի» նախաձեռնողներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, գազազած ոստիկաններին հիշեցնում էր, թե իրենք չեն պահպանել օրենքի պահանջը եւ չեն տրամադրել ողջամիտ ժամկետ՝ հեռանալու համար: Հենց այդ պահին էր, որ պարզվեց՝ սին էին կանխատեսումները, թե «կենդանի պատը» կփլուզվի, երբ իրական սպառնալիք լինի: Հակառակը՝ այն ավելի ստվարացավ:

Ընդհանրապես, արդեն տեսանք, որ Բաղրամյան պողոտայում ամեն օր կարող է խախտվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հաստատված «ստատուս քվոն» եւ սաստկանալ լարվածությունը՝ մեկ աղբամանների պատճառով, մեկ բարձրախոսների… Եվ այս պայմաններում գուցե մի քիչ միամիտ, բայց իրոք խիզախ են այն մարդիկ, որոնք հույս ունեն, թե իրենց հեղինակությունը, վարկը կկանխի բախումը:

Առավել խիզախ էր իշխող մեծամասնության այն ներկայացուցիչների քայլը, որոնք հունիսի 23-ի ծեծուջարդի հաջորդ օրն իսկ մաս կազմեցին «կենդանի պատին»՝ իմանալով, որ բնավ յուրայինների ճամբարում չէ, որ հայտնվելու են: Առավել եւս, որ այդ օրը Բաղրամյան պողոտայում դեռ շատ էին կուսակցական դեմքերը, եւ անգամ տեսագրության մեջ է հստակ երեւում, որ հայտնի հայհոյալից կարգախոսն առաջին վանկարկողը, յուրօրինակ «դիրիժորը» մղոններով հեռու է երիտասարդ համարվելուց, հստակ մի կուսակցություն է ներկայացնում: Եվ նույնիսկ երբ մնացածները վանկարկում են՝ «Մենք ենք տերը մեր երկրի», ինքն էլի շարունակում է հայհոյալից վանկարկումով մաքրել կուսակցական հին հաշիվները:

Եվ վերջում: Քննադատողներն ասում են, թե «կենդանի պատ» դառնալը լավ առիթ էր ինքնագովազդի համար: Աստված սիրեք… Դեռ մի կողմ թողնենք, որ այդ գործիչները կանգնում են լուռ, մեծ մասը խուսափում է հարցազրույցներից: «Մեզ վրա ուշադրություն մի դարձրեք՝ կանգնելու ենք այստեղ մինչեւ առավոտ»,- առաջին օրն իսկ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Բացի այդ՝ «կենդանի պատին» մաս կազմող գործիչների առյուծի բաժինը, արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները բնավ կարիք չունեն PR-ի: Ասենք՝ բավական է Հովհաննես Ազոյանը փոխի սանրվածքը, դա արդեն որոշ, բավական զանգվածային կայքերի համար լուսաբանման նյութ է: Ու նա հաստատ չէր հանդգնի զուտ մամուլի լուսաբանման համար ողջ գիշերն անցկացնել փողոցում, երբ ոչ մի երաշխիք չկա, թե արդյոք այդ գիշերվա մասին է՞լ առավոտյան լրատվամիջոցները կգրեն. «Անցած գիշեր Բաղրամյան պողոտայում խաղաղ էր»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Հուսով եմ այսուհետ ավելի ակտիվ կլինեք որպես լրագրող:
    ինչ վերաբերում է կենդանի պատին-ապա գովազդը ոչ թե անձի մասին գրելու կտրվածքով է, կարծում եմ , այլ այն թե ինչ ձևով են իրենց ներկայացնում դրանք:
    Ճաշակի հարց է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031