Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր ծննդաբերած կնոջը սպանության փորձ արած ամուսինը հոգեմետ դեղեր էր ընդունում

Հուլիս 02,2015 14:30

Ամուսնու կողմից հրազենային ծանր վնասվածք ստացած 27-ամյա Միլենայի առողջական վիճակը շարունակվում է կայուն ծանր մնալ: Վիրահատությունը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Միլենային վիրահատող նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանը, հաջող է անցել, նրա վիճակը դեռեւս գնահատվում է ծանր, եւ հնարավոր է՝ կարիք լինի մեկ անգամ եւս վիրահատել: Բժշկի փոխանցմամբ՝ ամեն ինչ պարզ կլինի առաջիկա ժամերին կամ վաղն առավոտյան:

Երեկ առավոտյան Միլենայի ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը, այցելել է նրան՝ Հանրապետական ծննդատուն. Միլենան օրերս է արու զավակ ունեցել: Մեզ հետ զրույցում Միլենայի մայրը պատմեց, որ Հայկն ու իր դուստրը որոշ ժամանակ շատ ջերմ զրուցել են, հետո փեսան հարցրել է՝ Միլենա, բուլկի կուտես, նա էլ դրական պատասխան է տվել: Երբ աղջկա մայրը գնացել է բուլկի գնելու, Հայկն այդ ընթացքում կրակել է կնոջ վրա՝ գնդակներից մեկը դիպչել է սրտին, 2-ը՝ ուսին, հետո Հայկն է ինքնասպան եղել:

Միլենայի երեխան վաղահաս է, նա ծնվել է 35 շաբաթականում ու ծնված օրվանից գտնվում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Մինչ փոքրիկն այս բաժանմունքում մեծանում է, որպեսզի հասնի հիվանդանոցից դուրս գրման տարիքին, նրա ծնողների հետ տեղի ունեցած դեպքի մասին ինչ վարկած ասես, որ չհորինվեցին. մայրը դեռ վիրահատական սեղանին՝ նրան արդեն թաղեցին, մինչդեռ Միլենայի վիրահատությունը նոր-նոր էր ավարտվել, ու անգամ ծնողները լուր չունեին: Մեկ այլ վարկած էլ էին տարածել, իբր թե Հայկը կասկածել է, որ երեխան իրենը չէ, մեկ էլ լուրեր էին շրջանառել, որ փոքրիկը դեպքի պահին եղել է հիվանդասենյակում, մոր կողքին: Այս ամենը վրդովեցրել էր Միլենայի հարազատներին, որոնք «Առավոտի» հետ զրույցում հերքեցին այդ վարկածները:

Միլենայի մայրը՝ տիկին Անահիտը, մեզ հետ զրույցում ասաց, որ նախ՝ փոքրիկը հիվանդասենյակում չի եղել, առավոտյան, երբ Հայկն այցելել է դստերը, ինքը դստեր մոտ է եղել, ու ամեն ինչ նորմալ էր: Տիկին Անահիտն ասաց նաեւ, որ 3 տարվա ամուսիններ էին, եւ չի հիշում մի օր, որ փեսան կոպիտ վարվի աղջկա հետ. «Հակառակը՝ շատ ջերմ, սիրով ամուսիններ են եղել: Գիշերն էլ, որ եկել էր, էլի շատ ջերմ էին խոսում, գնալուց առաջ համբուրեց Միլենային, ասաց՝ կարող ա չգամ»:

Միլենայի հայրն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ փեսան իր դստերը թագուհու պես էր պահում, երբեք խնդիրներ չեն եղել. «Աղջկաս շուտ-շուտ արտասահման էր տանում, միշտ համ իրենք են լավ հարաբերություններ ունեցել, համ էլ մենք՝ Հայկի հետ»:

Ինչ վերաբերում է այն վարկածին, թե իբր Հայկը կասկածել է, որ երեխան իրենը չէ, հարազատներից մեկն այսպես արձագանքեց՝ «Սուտ բաներ են խոսում, նա այնպիսի տղա էր, որ դավաճանության մասին խոսք չի կարող լինել: Այդ լուրեր տարածողները թող գնան հարեւանների հետ զրուցեն ու կպարզեն, թե ինչքան սիրով են եղել»:
Ի՞նչը կարող էր այս դեպքի պատճառը լինել՝ մեր այս հարցին տիկին Անահիտն ասաց՝ հավանաբար, Հայկի՝ երբեմն անհավասարակշիռ վիճակը. «Հայկը վերջերս շատ մոտ ընկերներ է կորցրել, երեւի էդ հողի վրա մի քիչ խանգարվել էր: Ասում էր՝ աչքիս մարդիկ են երեւում, տարօրինակ բաներ են երեւում, ոնց որ հետեւիցս մարդիկ են գալիս: Գիտեմ, որ Հայկի մայրը հոգեմետ դեղեր էր տալիս նրան, բժիշկն էր նշանակել: Ես մտածում եմ՝ տեսնես էդ պահին հասկանո՞ւմ էր, թե ինչ էր անում: Ոչ մեկիս մտքով չէր անցնի, ոնց կարող էր սենց բան լինել, որ իմանայինք, մենակ չէինք թողնի սենյակում»:
Մեր հարցին էլ, թե որտեղից կարող էր Հայկի մոտ 2 ատրճանակ լինել, Միլենայի ծնողներն ասացին, որ տեղյակ չեն:

Միլենայի վիրահատությունը 3 ժամից ավելի է տեւել, բժիշկներն ասացին, որ բարդ վիրահատություն էր:

Հիշեցնենք, որ դեպքի մասին երեկ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հունիսի 30-ին, ժամը 10.15-ին, «Վերարտադրողական առողջության պերինտոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից» ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ բարձրացել է 4-րդ հարկ եւ թիվ 407 հիվանդասենյակում կրակել իր կնոջ վրա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982թ. ծնված Հայկ Վարդանյանը ժամը 10.10-ի սահմաններում նշված հիվանդասենյակում կրակել է իր կնոջ` 1988թ. ծնված Մ. Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Դեպքի վայրից հայտնաբերվել է ատրճանակ, 3 պարկուճ: Կատարվում է նախաքննություն:

Միլենայի հարազատներն ասացին, որ երբ Հայկին հայտնաբերել էին, նրա մոտ 2 ատրճանակ է եղել, մեկը՝ գրպանում, մյուսը՝ ձեռքին:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Հնարավոր չէ՞ արդյոք, որ մարդասպանը լինի մեկ ուրիշը: Չէ՞ որ խոսվեց, որ դեպքից 5 րոպե անց բուժքույրը մտել է հիվանդասենյակ և տեսել զոհին ու տուժածին: Իսկ 5 րոպեում հանցագործը կարող էր դեպքի վայրից հեռացած լինել:

  2. Հասմիկ says:

    տեղյակ չեմ ոչ մի բանից, բայց սա կարդալով եկա այն եզրակացության, որ ամուսինը տառապել է շիզոֆրենիայով, դեղերը դադարեցնելու պատճառով էլ այս դեպքը տեղի է ունեցել… նման դիագնոզ ունեցող մարդիկ չպիտի ամուսնանան… մի դժբախտացրեք ուրիշներին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031