Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթուցիկ սարքերը գործել էին, սակայն հայրը եւ որդին չեն սպանվել

Հուլիս 02,2015 14:00

Սպանության փորձի գործով տուժող Կամո Ղալթախչյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դիմել է գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վ.Հովհաննիսյանի անգործության դեմ:

Փաստաբանի տեղեկացմամբ, քննիչը քրեական գործ հարուցելու մասին որոշումը ձեւակերպել է այսպես. «Անհայտ անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռեւս չճշտված եւ ապօրինաբար ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Կամո Վաղարշակի Ղալթախչյանի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի «P 948 EH 50» RUS համարանիշի ավտոմեքենայի տակ եւ երբ Կամո Ղալթախչյանն իր ընկեր Հայկ Վարդապետյանի հետ իր տնից նշված ավտոմեքենայով 2013թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 09:10-ի սահմաններում, երթեւեկել է դեպի Աչաջուր գյուղի գյուղամեջ, անցնելով շուրջ 150 մետր ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով՝ Կ.Ղալթախչյանը եւ Հ. Վարդապետյանը կյանքից չեն զրկվել, իսկ պայթունի հետեւանքով վնասվել է մեքենայի աջ անիվը եւ վերջինիս շրջակա հատվածը»:

Փաստաբանը նշել է, որ 2014թ. հունիսի 3-ին այդ քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ 2015թ. հունվարի 21-ի որոշմամբ քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Նույն քննիչի՝ Վ.Հովհաննիսյանի վարույթում է գտնվում նաեւ տուժող Կամոյի հոր՝ Հովհաննես Ղալթախչյանի գործը: Նշված քրեական գործ հարուցելու մասին որոշումն էլ ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Անհայտ անձը 2013թ. փետրվարի 25-ին, ժամը 22-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սկզբնամասում գտնվող «Կրիվոյ» կոչվող վայրում՝ Հ. Ղալթախչյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ իրական վտանգի տակ դնելով նաեւ Հովհաննես Ղալթախչյանին պատկանող եւ վերջինիս վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի 77 OV 707 հ/հ ավտոմեքենայի ուղեւորներ` նույն գյուղի բնակիչներ Արամ Աթարբեկյանի, Մհեր եւ Համբարձում Սաքանյանների կյանքը, ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր մոտ կրվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել հիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ արձակված գնդակները նպատակին չեն հասել, այլ դիպել են ավտոմեքենայի թափքի տարբեր մասերի»:

Հոր եւ որդու նկատմամբ սպանության փորձերի գործով էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել էր գործ՝ ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Համաձայն ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի՝ նշված քրեական գործով Արմեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ, տեղեկություն ստանալով Հ. Ղ.-ի նկատմամբ 2013թ. փետրվարի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարվելու մասին, ավելին՝ 2013թ. մարտ ամսվա սկզբներին վերջինիս տան բակում անձամբ տեսնելով Հ. Ղ.-ի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները, իսկ նրա հորից տեղեկանալով նշված ենթադրյալ հանցանքի կատարման մեջ համագյուղացու կողմից մասնակցություն ունենալու կասկածի մասին, իր կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված առանձնապես ծանր հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել ծառայողական պարտականությունները եւ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ»:
Փաստաբանի գնահատմամբ, քրեական գործերով առկա է ապացույցների բավարար համակցություն՝ Տ. Գասպարյանին եւ Մ. Մելիքբեկյանին մեղադրանք առաջադրելու համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը «նրանց նկատմամբ ցուցաբերում է լոյալ վերաբերմունք եւ համապատասխան հոդվածներով մեղադրանք չի առաջադրում: Ավելին, չի ցուցաբերվում պատշաճ ջանասիրություն գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն կատարելու ուղղությամբ»: Լ. Սիմոնյանը դատախազին ուղղված իր բողոքում պնդում է, որ սպանության փորձերը կազմակերպել եւ պատվիրել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Տ. Գասպարյանը, իսկ իրականացրել է նույն գյուղի բնակիչ Մ. Մելիքբեկյանը:

Իսկ թե ինչով է հիմնավորում, փաստաբանը հղում է կատարում վկաներից մեկին՝ Գ. Ալավերդյանին, որը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, թե մի քանի անգամ ինքն է կանխել, որպեսզի տեղի չունենան այդ սպանությունները:

Վկան հայտնել էր, որ Տ.Գասպարյանն իր ներկայությամբ զենքը տալով Մ. Մելիքբեկյանին՝ հանձնարարել է, որպեսզի վերջինս սպանի գյուղապետարանի մոտ ծառի տակ կանգնած Հովհաննեսին, սակայն ինքը կարողացել է կանխել այն, թույլ չտալով Մ. Մելիքբեկյանին կրակելու:

Մեկ այլ դրվագով էլ այս նույն վկան կանխել էր Նոյեմբերյանի ճանապարհին Կամոյին սպանելու նպատակով դարանակալելու, սպանելու փորձը: Ի դեպ, գործի նյութերի համաձայն, Մ. Մելիքբեկյանն իր հետ սպիտակ գույնի պարկի մեջ էր բերել ինքնաձիգն ու ատրճանակը, ասելով, թե Տ. Գասպարյանն է ուղարկել, որ դրանք պահի իրենց տանը:
Գլխավոր դատախազին տեղեկացվում է նաեւ այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի մոտ չորս ամսից ավելի է, ինչ գտնվում է տեսաձայնագրություն՝ սկավառակ, որում Մ. Մելիքբեկյանը նույնպես հայտնում է Տ.Գասպարյանի կողմից կազմակերպված եւ իր կողմից իրականացված հանցագործությունների, այդ թվում՝ Հովհաննես Ղալթախչյանին սպանելու նպատակով նրա ավտոմեքենայի վրա կրակելու, Նոյեմբերյանի ճանապարհին Կամո Ղալթախչյանին սպանելու նպատակով դարանակալելու եւ այլ հանցագործությունների մասին:

Ի դեպ, այս նույն ժամանակահատվածում, հնարավոր կասկածյալին՝ Մ. Մելիքբեկյանին առեւանգելու ենթադրյալ դրվագով, Մ. Մելիքբեկյանի ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնց նկատմամբ առկա են կալանավորման որոշումներ, սակայն հայր եւ որդու սպանությունը կազմակերպելու եւ կատարելու համար որեւէ անձի մեղադրանք առաջադրված չէ, չնայած, ըստ փաստաբանի, կազմակերպիչը եւ կատարողը հայտնի են:

«Այնպիսի տպավորություն է, որ վարույթն իրականացնող մարմինը չի ցանկանում սպանության կազմակերպման եւ սպանության փորձերի գործերով կատարել բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն, ինչպես նաեւ մեղադրանք առաջադրել դրանք կատարողներին: Վստահորդներիս մոտ ձեւավորվել է այնպիսի կարծիք, որ վարույթն իրականացնող մարմինն իրենց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելով, կալանքի տակ պահելով՝ հաշվի առնելով նաեւ քրեակատարողական հիմնարկում տիրող բարքերը, չգրված օրենքները, նպատակ է հետապնդում իրենց այդ կերպ լռեցնել, իսկ Տ. Գասպարյանի կազմակերպմամբ եւ Մ. Մելիքբեկյանի կատարմամբ իրականացված արարքները թողնել չբացահայտված»,- «Առավոտին» երեկ ասաց փաստաբան Լ. Սիմոնյանը:

Անդրադառնալով ապացույցներին, փաստաբանը մեջ է բերել, որ կասկածյալն իր սկզբնական ցուցմունքում հայտնել էր, թե իրեն Ջողազ լճի վերջնամասում ծեծի են ենթարկել եւ պարտադրելու մասին. երբ հրաժարվել է կատարել նրանց պահանջը, սպառնացել են, թե կմիզեն նրա վրա: Դրա համար որոշ դեպքերում Մ. Մելիքբեկյանն իր «վրա է վերցրել» կատարվածը:

Փաստաբանը նախադեպային մի որոշման մասին է հիշեցնում, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանում Ս.Բալաբեկյանի վերաբերյալ 2005թ. հուլիսի 22-ի որոշման մասին. «ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի ելքով շահագրգռված անձի ցուցմունքները, առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության, բավարար չեն հանգելու այն համոզման, որ հանցագործության դեպքը տեղի է ունեցել»: Հետեւաբար, առեւանգման գործով, փաստաբանի կարծիքով՝ առաջադրված մեղադրանքը ենթակա է վերացման: Փաստաբանը պահանջում է, որպեսզի վերոհիշյալ բոլոր քրեական գործերը, որոնք գտնվում են նույն քննիչի մոտ, տրվի ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, դադարեցվի առեւանգողների նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ սպանության փորձի հետ կապված կասկածյալ երկուսի նկատմամբ սկսվի քրեական հետապնդում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031