Ոտքներս կոտրվեր հունիսի 21-ին՝ կիրակի օրը, չգնայինք «Իդեալի» Դավիթ Անհաղթի վրա գտնվող խանութը: Ընդունեցին սիրալիր, ժպտադեմ ներկայացրին ունեցածը, անգամ՝ չունեցածը: Գնումներիս 2/3-ը վճարեցինք նույն պահին, իսկ մնացածը՝ հաջորդ օրն առավոտյան՝ ժամը 10-ն անց 19-ին: Խոստացան, որ պակասող ապրանքը կլրացնեն իրենց մյուս խանութները զանգահարելով: Սպասեցինք մի կես ժամ եւս, առաջարկեցի, որ կարող եմ սալիկների համար ընտրածս գոտին փոխել, եթե դրա առկայությունը խնդիր է: Իբր ճշտեցին, թե իմ ընտրած երիզից կա մյուս խանութներում եւ կարող եմ ընտրությունս չփոխել: Առաջին օրը մեզ սպասարկող բարեհամբույր երիտասարդը՝ Վահեն, խոստացավ, որ սալիկներն ու մետլախը հաջորդ օրը կաշխատեն շուտ առաքել: Իսկ երկուշաբթի առավոտյան, երբ տղաս վճարել էր մնացած գումարը, նորից խոստացել էին, թե հաջորդ օրը՝ երեքշաբթի օրը, մինչեւ ժամը 11-ը կբերեն: Երբ համոզվեցի հաջորդ օրերի խաբկանքի մեջ, երեքշաբթի՝ 11-ն անց 30-ին զանգահարեցի խանութ, իսկ խանութից միայն խոստումներ էի լսում, որ կճշտեն ու հետ կզանգեն, իսկ օրավարձով աշխատող իմ վարպետին չգիտեմ՝ ինչ ասեմ. այդպես էլ չզանգեցին, ժամը 12-ին ստիպված ինքս զանգահարեցի խանութ, թե «թեժ գիծ» ու ասացի, որ եթե 1 ժամից ապրանքն իմ տանը չեղավ, գալիս եմ պատվերս հետ վերցնում: Այս պարագայում վճռական էին ու ճշտապահ: Չանցած մեկ ժամ, բերեցին սալիկներն ու մետլախը եւ էլի ինչ-որ բաներ, որ այդ օրվա համար հրատապ չէր՝ կախովի առաստաղը, հայելին եւ այլն:
Մնացածն ասացին՝ հետո կբերեն: Խաղաղվելս շատ կարճ տեւեց, երբ հայտնաբերեցինք, որ պատի սալիկների գոտեւորող երիզը չեն բերել: Վարպետս շարեց երկու շարք սալիկը ու մնացինք սպասող փնթի աշխատաոճ որդեգրած «Իդեալին», որ իբր պետք է հասցներ գոտու 24 կտոր երիզը:
Նորից սկսեցի զանգել խանութ, չորեքշաբթի առավոտյան՝ ժամը 10-ին ասացի, որ մնացած գնումներս շտապ չեն, սակայն երիզի պատճառով վարպետս հարկադիր պարապուրդի մեջ է: Երկու ժամ սպասելուց հետո ստիպված էի նորից վերջնաժամկետի լեզվով խոսել, քանզի կիրակի օրը վճարել եմ, սակայն չորեքշաբթի օրն է՝ դեռ գործս ընթացք չունի: Վահեի հետ էլ կոպիտ խոսեցի, սպառնացի, որ կհրապարակեմ իրենց փնթի, անպատասխանատու աշխատանքի եւ անփույթ վերաբերմունքի մասին, եթե ժամը 13-ին երիզը չբերեն: Մեկ ժամ հետո Վահեն անձամբ բերեց գոտեւորող երիզը, տեսավ, որ ընդամենը 2 շարք է սալիկը շարվել, համոզվեց, որ գործը կանգնել է. բերել էր 23 հատ (որից մեկն էլ կոտրված էր, ինչի պատճառով վերջինիս վրա հատուկ առաջարկ էր նշված՝ «գինը՝ 200 դրամ»), ջարդվածի մասին Վահեն մեզ ոչինչ չասաց եւ նորից խոստացավ, որ երեկոյան մնացած ապրանքների հետ կբերեն նաեւ 1 կտորը: Այդ երեկոն անցավ, չանհանգստացրի «բազմազբաղ» Վահեին: Հաջորդ օրը՝ հինգշաբթի, ժամը 15:30-ին, երբ հաջողվեց խոսել նրա հետ, առնվազն ծիծաղելի էր, որ նա զարմացավ, որ նախօրեին 1 սալիկ չեն բերել: Նորից խոստացավ, որ կճշտի եւ կզանգի… եւս 2 ժամ մնացի սպասող եւ զանգահարեցի «Իդեալի» «թեժ գիծ», որտեղից փորձեցին հորդորել նորից զանգել Վահեին, ինչից կտրուկ հրաժարվեցի եւ այս անգամ ես խոստացա, որ նյութս կհրապարակեմ: Ի դեպ, երեքշաբթի էլ էի զանգահարել «թեժ գիծ», ինչի պատճառով Վահեն նեղսրտեց, թե ամեն բողոքից 5 հազար դրամ տույժ է գալիս իրենց վրա, ես էլ հակադարձեցի, որ օրավարձով աշխատող վարպետիս օրական 15 հազար դրամը ո՞վ պետք է տա՝ նրա օրերն անիմաստ պարպելու համար: Ինչեւէ… Այս ի՞նչ դաժան փորձության մեջ ընկանք: Վերջապես՝ հինգշաբթի 18-ն անց 45-ին բերեցին: Սա ի՞նչ աշխատաոճ է: Երեւի միայն քաղաքակրթությունից հեռու, հետամնաց երկրներին է հարիր: Նման դեպքերում միշտ մտածում եմ, որ չլռողիս հետ են այսպես վարվում, ապա մյուսների հետ ի՞նչ են անում:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.07.2015