Բաղրամյան պողոտայի պայքարը՝ մտավորականի հայացքով
Ճանաչված լեզվաբան, հայագետ եւ ակտիվ քաղաքացի Դավիթ Գյուրջինյանին հաճախ կարելի է հանդիպել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերին: «Առավոտի» հետ զրույցում մտավորականն ասաց, որ նմանություններ է տեսնում 1988-ի եւ այս օրերի շարժման միջեւ, ասում է՝ շարժումները թմբիրից արթնանալու, զարթոնքի նշան են. «Ուղղակի այն ժամանակ խորհրդային թմբիրից արթնացավ ժողովուրդը, հիմա՝ 25 տարվա անորոշությունից, դեգերումներից……Երկուսն էլ ազնիվ մղումներ ունեին, թեպետ տարբեր բովանդակությամբ, առաջինը ազգային, ազատագրական շարժում էր, այսօրվանն ուրիշ բովանդակություն ունի՝ անունը դնում ենք «Ոչ թալանին», բայց որքան էլ ասենք, որ դա քաղաքացիական շարժում է, միեւնույն է՝ «Ոչ թալանին» էլ քաղաքական ենթատեքստ ունի: Եթե թալանում են իշխողները, ուրեմն ժողովրդի վիճակը լավ չէ, ժողովրդին խաբում են, անարդարություն կա, կամայականություններ… Ես ինչպես 88-ին էի մասնակցում ցույցերին, այնպես էլ այս օրերին: Ճիշտ է, տարիքի բերումով միշտ չէ, որ Բաղրամյան պողոտայում եմ, բայց Բաղրամյան պողոտայի երիտասարդության եւ ժողովրդի հետ եմ»:
Նկատեցինք, որ միշտ փոքրիկ թոռնիկի հետ է գալիս Բաղրամյան պողոտա: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Երեխային բերում է աղջիկս՝ նոր սերունդը: Իմ աղջիկը գալիս է Բաղրամյան պողոտա, որովհետեւ ի՛մ աղջիկն է, նա մտածում է, որ իր երեխաները պետք է ակտիվ լինեն: Ճիշտ է, նրանք չեն հասկանում՝ ինչն ինչոց է, բայց ինքը չի կարողանում հանգիստ մնալ տանը, երբ իր երկրում ցնցող իրադարձություններ, աննախադեպ իրադարձություններ են ծավալվում… Իմիջիայլոց, մեր ոստիկանները, օրինապահ մարմինները պետք է հասկանան, որ եթե այստեղ կան մայրեր ու մանուկներ, ուրեմն ուժի գործադրումը պետք է բացառվի, եւ եթե նրանք կան, ուրեմն սա համաժողովրդական շարժման նշան է: Չպետք է ոչ մի կերպ դիմել բռնությունների, ինչը եղավ շարժման սկզբում, դա դատապարտելի է:
Պետք է լսե՛լ ժողովրդի ձայնը եւ հարգա՛նք ունենալ ժողովրդի կարծիքի նկատմամբ»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Ազատության հրապարակում նստացույցը դադարեցրած «Ոչ թալանին» նախաձեռնության տղաներին եւ դեռեւս Բաղրամյանում գտնվողներին:
Կարդացեք նաև
«Ճնշող մեծամասնությունը մնաց Բաղրամյան պողոտայում, մյուս մասը Ազատության հրապարակում, հետո էլ գնաց տուն: Եզրակացություններ դեռ չեմ կարող անել, քանի որ դեռ լիովին չեմ հասկացել՝ ինչն ինչոց է: Բայց Բաղրամյանը չի դատարկվել, քանի որ պահանջները նույնն են»,- համոզված է պարոն Գյուրջինյանը:
Նա նշեց նաեւ, որ շատ բարձր կարծիքի է մեր երիտասարդության մասին. «Հիմա ոմանք գուցե ցույց տան անտարբերների, չսովորողների եւ այլն… Դրանք միշտ էլ եղել են, բայց այն բարձր որակը, որ մենք տեսանք Բաղրամյան պողոտայում, մեզ ուրախացնում է, կարող ենք հպարտանալ, որ այսպիսի սերունդ ունենք, որը երեւի չի հանդուրժի անօրինություն եւ կամայականություն: Կրկնում եմ՝ անտարբերներ միշտ եղել են ու էլի կլինեն, նրա՛նք չեն հարցը որոշողները: Կորոշեն այն երիտասարդները, որոնք ազնիվ մղումներով են առաջնորդվում: Կասեցման մասին որոշմանն էլ չեմ հավատում: Նման բաները լավ լուծումներ չեն, նույնիսկ լուծում չեն, այլ ընդամենը շեղող ժամանակ շահող, ձգող միջոցներ են, մինչդեռ ժողովուրդը պահանջում է կտրուկ լուծում՝ չեղարկում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ Գյուրջինյանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
01.07.2015