Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ավանդույթներ ունեցող թատրոնը իրավունք չունի անկում ապրելու»

Հուլիս 02,2015 12:30

Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական
ղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանի դիտարկումները

Ցանկացած ոլորտում յուրաքանչյուր նորանշանակ պաշտոնյա սովորաբար կամ աշխատում է եղած թիմի հետ, կամ ձեւավորում նորը: Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, ճանաչված օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանն այսօրվա դրությամբ հախուռն քայլեր չի արել, ընդամենը տեղակալ ունի՝ Կարեն Շահինյանը (լուսանկարում), որը մշակույթի ոլորտում ճանաչված դեմք է: Նա 1981-95թթ. հանդիսացել է օպերային թատրոնի նվագախմբի առաջին ֆլեյտահարը, ապա՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն, հետո՝ կոնսերվատորիայի համերգային եւ մրցութային ծրագրերի տնօրեն: Աշխատանքային գործունեությունը շարունակել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում՝ որպես գլխավոր մենեջեր, զուգահեռ «Տաղարան» անսամբլի տնօրեն: Ապա Կարեն Շահինյանը հանդիսացել է Հանրային ռադիոյի երաժշտական ծրագրերի գլխավոր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: Գործունեություն է ծավալել նաեւ արտերկրում՝ 1998-2006թթ. զբաղեցնելով Համբուրգի «Kultura A» մշակութային կոնցեռնի գլխավոր մենեջերի գործառույթները: Միեւնույն ժամանակ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը համակարգել է երկու երկրների մշակութային եւ սպորտային ոլորտները:
«Առավոտը» հանդիպեց Կարեն Շահինյանի հետ, որին խնդրեցինք ներկայումս իբրեւ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ՝ ներկայացնել հանրապետության գլխավոր թատրոնի առաջնահերթությունները: Պարոն Շահինյանը նախ նշեց, թե իր գերխնդիրն է սատար լինել Գեղամ Գրիգորյանին, որպեսզի, իր խոսքերով՝ մեծանուն արվեստագետն ազատվի մանր-մունր պրոբլեմներից եւ զբաղվի թատրոնի զուտ գեղարվեստական հարցերով: Հետո էլ հավելեց, թե դա չի նշանակում, որ ինքը անմասն պետք է մնա ծագած գեղարվեստական խնդիրներից:

Ներկայացնելով առաջնահերթությունները, մեր զրուցակիցը հիշեցնելով ժամանակին օպերային ստուդիայում իբրեւ տնօրեն աշխատած տարիները, հավաստիացրեց, թե իր ձեւակերպմամբ՝ վատ տարիներին ի՞նչ մշակույթի մասին խոսք կարող էր լինել, օպերային ստուդիան էլ չէր գործում եւ, փաստորեն, ստուդիայի գործունեության վերսկսումը կապված է մշակութային այդ օջախում իր աշխատանքների մեկնարկի հետ:
Հուրախություն մեր կոմպոզիտորների, Կարեն Շահինյանի խոսքերով՝ մենք պետք է պատվիրենք կոմպոզիտորներին գրել օպերաներ կամ բալետային երաժշտություն, նույնիսկ հարկ եղած դեպքում կառաջարկենք լիբրետո: «Դրանով ուզում ենք ակտիվացնել մշակութային դաշտը, այլ ոչ թե վատնել գումարներ՝ արտերկրից երաժիշտներ հրավիրելու նպատակով»,- ասաց մեր զրուցակիցը: Հետո էլ հավելեց. «Գեղամ Գրիգորյանն այս տարի հրավիրված էր Երեւանի կոնսերվատորիա՝ վոկալիստների ավարտական քննություններին իբրեւ ժյուրիի նախագահ: Ես բառացիորեն փոխանցում եմ պարոն Գրիգորյանի խոսքերը: Նա հիացմունքով փաստեց, թե կոնկրետ այս տարի մեկ տասնյակ հիանալի ձայներ, հեռանկարային երգիչներ են ավարտել կոնսերվատորիան: Սա անվանի երգչի խոսքն է, որը միանշանակ մեկնաբանության կարիք չունի»:

Դիտարկմանը, թե ազգային օպերային թատրոնի խաղացանկում անհրաժեշտ են հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների մեծակտավ գործերը, Կարեն Շահինյանը մեկ անգամ եւս կրկնեց զարգացած ու քաղաքակիրթ երկրների օրինակով ժամանակակից հեղինակների հետ թատրոնի՝ որպես պատվիրատու համագործակցելու մասին, հետո էլ մանրամասնեց. «Ավանդույթներ ունեցող թատրոնը պարզապես իրավունք չունի անկում ապրելու: Հայկական օպերայի ձեւավորումն ու զարգացումը սկսվեց 19-րդ դարի վերջին տասնամյակներին, երբ Չուխաջյանը Կոստանդնուպոլսում իր օպերաներն ու օպերետներն էր ստեղծում, իսկ Էջմիածնում Կոմիտասը աշխատում էր «Անուշ» օպերայի վրա, որը չհասցրեց ավարտել: Ապրելով ու ստեղծագործելով Կոստանդնուպոլսում, հայկական առաջին օպերայի հեղինակը դարձավ Տիգրան Չուխաջյանը, սակայն ամենամեծ պատմական նշանակությունն ունեցավ նրա «Արշակ Երկրորդը»: Ի դեպ, ժամանակին Գեղամ Գրիգորյանը թատրոնում բեմադրեց «Արշակ Երկրորդը», «Անուշը», Վերդիի «Տրավիատան», ինչպես նաեւ վերականգնեց որոշ բեմադրություններ: Ինչ վերաբերում է բալետային արվեստին, 1939թ. Արամ Խաչատրյանի ազգային առաջին «Երջանկություն» (հետագայում «Գայանե») բալետից հետո այս թատրոնում բեմադրվել են ազգային շատ բալետներ, այդ թվում՝ Սպենդիարյանի երաժշտությամբ «Խանդութը», Խաչատրյանի «Սպարտակն» ու «Դիմակահանդեսը», Եղիազարյանի «Սեւանը», «Անուրջների լիճը», Էդգար Հովհաննիսյանի «Մարմարն» ու «Անտունին», Օրբելյանի «Անմահությունը» եւ այլն: Իսկապես, ունենք հրաշալի տրադիցիաներով թատրոն, որին պետք է մենք բոլորս թույլ չտանք գրամ անգամ անկում ապրելու»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031