Ցանկացած անծանոթ մարդու, եթե անգամ մեզանից երիտասարդ է` բացառությամբ երեխաների, պետք է դիմել «դուք»-ով, որը քաղաքավարության տարրական կանոն է։ Բայց մեր օրերում շատերը սա միայն օգտագործում են խիստ անհրաժեշտության դեպքում` պատճառաբանելով, որ ձեւական եւ կեղծ դիմելաձեւ է, որը պատնեշ է ստեղծում զրուցակիցների միջեւ: Մտերիմ հարաբերություններում ընդունված է «դու» դիմելաձեւը՝ ընտանիքի անդամները եւ մյուս ազգականները, ինչպես նաեւ աշխատակիցները, գործընկերներն ու բարեկամները միմյանց հետ «դու»-ով են խոսում։ Այս դեպքում «դու»-ն ջերմ ընկերական հարաբերությունների եւ միասնականության արտահայտություն է։ Երեխաները նույնպես իրար հետ «դու»-ով են խոսում, իսկ մեծերը նրանց «դու»-ով պետք է դիմեն մինչեւ 14-15 տարեկան դառնալը։ Աշխատանքային միջավայրում նախընտրելի է ղեկավարին դիմել «դուք»-ով՝ անկախ նրա հետ մտերմության աստիճանից։ Անքաղաքավարի է, երբ ղեկավարն իր բոլոր ենթակաների հետ խոսում է «դու»-ով։ Բժիշկը նույնպես չպետք է իր անծանոթ այցելուին դիմի «դու»-ով։
Հարգալից վարվեցողության կանոնները թելադրում են՝ «դուք»-ից «դու»-ին անցնելը կարող Է առաջարկել ավագը՝ կրտսերին, ղեկավարը՝ ենթակային, կինը՝ տղամարդուն։ «Դու»-ի անցնելու առաջարկությունը պետք է անել զգուշությամբ, քանի որ մերժումը կարող է անհարմար վիճակ ստեղծել:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.07.2015