Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային ներկա է քաղաքագետ Էդգար Վարդանյանը, որը հետեւում է իրադարձություններին, Aravot.am-ը պարոն Վարդանյանից հետաքրքրվեց այս ակցիան ինչ արդյունքի կարող է հասնել եւ հնարավոր է վերաճի ավելի լայնամասշտաբ ակցիայի: Այս առնչությամբ պարոն Վարդանյան ասաց, որ մասնակիցները կարող են նոր օրակարգ ստեղծել, որն ավելի ներկայացուցչական կլինի, որովհետեւ այստեղ ստեղծվել է մի հարթակ, որտեղ տարբեր ակտիվ խմբեր քննարկումներ են անում:
Էդգար Վարդանյանի կարծիքով, որպեսզի կարողանան կոնկրետ հարցեր լուծել՝ պետք է հետագայի համար նոր ծրագրեր ձեւավորվեն՝ տարբեր տեսակի իրավունքների նվաճման օրակարգի ձեւավորման միջոցով. «Այս ամենը նոր ձեւաչափով կարող են ստեղծել քաղաքացիական նոր տեսակի խմբեր՝ նոր օրակարգով»:
Aravot.am-ի այն հարցին էլ, այս ակցիայում լիդերներ չկան, մինչդեռ այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ասել էր, որ որեւէ շարժում առանց լիդերի դատապարտված է, հնարավո՞ր է, որ այս շարժումն առանց առաջնորդի հաջողություններ ունենա, պարոն Վարդանյանն ասաց. «Մենք մինչ այժմ տեսանք, որ լիդերի բացակայությունը դրական է եղել, ինչ-որ տեղ նաեւ լիդերի բացակայության արդյունքում է, որ այսքան երկար ժամանակահատվածում հնարավոր եղավ նստացույց անել, որովհետեւ ամեն մեկն իր համար անհատական որոշում է կայացնում, որի արդյունքում մարդիկ որոշում են ինքնակամ մնալ այստեղ»:
Կարդացեք նաև
Քաղաքագետի դիտարկմամբ, եթե լիդեր լիներ եւ մարդիկ վստահեին նրան, խմբին դեմ դուրս գալը շատ դժվար կլիներ: Պարոն Վարդանյանի կարծիքով, երբ «Ոչ թալանին» նախաձեռնող խումբը լքեց պողոտան, նրա հետ շատ փոքր խումբ գնաց, նրանցից հետո, այստեղ մարդիկ ինքնակազմակերպվեցին: Ըստ Էդգար Վարդանյանի, պետք է ստեղծվի ներկայացուցչական մարմին, որպեսզի հետագայի համար գործողությունների ճանապարհային քարտեզ մշակեն եւ հետամուտ լինեն դրա ընթացքին, ինչն, ըստ քաղաքագետի շատ կարեւոր է. «Առանց դրա այս վիճակում դժվար նոր, լուրջ զարգացումներ լինեն»:
Մեր այն հարցին, հնարավո՞ր է արդյոք որեւէ քաղաքական ուժ սկսի ղեկավարել այս շարժումը, պարոն Վարդանյանն ասաց. «Չեմ կարծում, որովհետեւ քաղաքական ուժերը գիտակցել են, որ իրենք անկարող են իրենց վրա վերցնել այս գործընթացը: Այստեղ նրանք մասնակցում են որպես անհատներ, ինչ-որ տեղ նաեւ հանրության շրջանում իրենց խմբի վարկանիշը բարձրացնելու փորձեր են անում, որ տեսեք ժողովուրդ մենք ուժեղ ենք, մենք ժողովրդի հետ ենք»:
Քաղաքագետը նաեւ ասաց, որ այս ակցիան, եթե հասնի ինստիտուցիոնալիստական մակարդակի, չեմ բացառում, որ քաղաքական ուժեր կցանկանան մասնակցել, բայց դա կլինի հավասարը հավասարի հետ»:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցները խմբեր կազմած քննարկումներ եւ առաջարկություններ էին անում: Օրինակ, մի խմբում առաջարկվում էր օրվա տարբեր ժամերին թռուցիկներով քաղաքացիներին հորդորեն, որ օրվա որոշակի ժամանակահատվածում հոսանք չօգտագործեն կամ քաղաքացիների շրջանում իրազեկման երթ կազմակերպեն:
Մեկ այլ խմբում էլ առաջարկվում էր հունիսի 23-ին ոստիկանության կողմից բռնության ենթարկվածների պատմություններն առանձնացրել եւ դրանք առանձին-առանձին այդ մասին լրատվամիջոցներով տեղեկացնեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ