Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխան՝ 100 տարի անց»

Հուլիս 01,2015 21:07

«Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը, որն անդրադառնում է 1894-1923 թվականներին գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին և այլ վկայություններին, մոտենում է ավարտին:

Այժմ ընթացքի մեջ են «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում ընդգրկվելիք նյութերի խմբագրման, թարգմանության և ձևավորման աշխատանքները:

Պատկերագիրքը բաղկացած կլինի 3 բաժիններից: Առաջինում կլինեն Հայոց ցեղասպանության զոհ դարձած մտավորականների վերջին նամակները և դրանց՝ մերօրյա անվանի հայ և օտարազգի գործիչների պատասխան-արձագանքները:

Երկրորդ բաժինը կամփոփի 100 տարվա ընթացքում հայ և օտարազգի գործիչների լավագույն անդրադարձները Հայոց ցեղասպանության փաստին: Այս բաժնում կլինեն նաև Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների հավաքական նամակին ի պատասխան՝ շարադրությունների մրցույթի լավագույն աշխատանքները:

Երրորդ բաժինը կներկայացնի Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումներ և դրանց շուրջ գեղանկարի ու քանդակի մրցույթի լավագույն ստեղծագործությունները: Այս բաժնում կներառվեն նաև Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացումից փրկված արվեստի նմուշներ:

Հիշեցնենք, որ «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով՝ Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթն իրականացնում են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ու Հայաստանի ազգային պատկերասրահը՝ ՀՀ մշակույթի նախարարության և ՎիվաՍել ՄՏՍ ընկերության աջակցությամբ։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը խոստանում է, որ Ազգային պատկերասրահը մշտապես բաց հարթակ կլինի երիտասարդության համար. «Ազգային պատկերասրահներն ակադեմիական և դասական կանոններով շարժվող կառույցներ են, բայց մենք ուղղվածությունը մի փոքր կփոխենք և հնարավորության սահմաններում կաջակցենք երիտասարդ արվեստագետներին, որպեսզի կարողանան արտահայտվել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031