ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ մեկնարկել է քաղաքաշինության նախարարության պատվիրակությամբ կառուցվող Վանաձորի բժշկական համալիրից, ուր նախարարը Լոռու մարզպետի, Վանաձորի քաղաքապետի և համալիրի ճարտարապետների հետ շրջայց է կատարել ծանոթանալով սեյսմակայուն իրականացմամբ շինարարական աշխատանքների ընթացքին: Քաղաքաշինության նախարարը և մարզպետարանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ աշխատանքները կատարվում են բարձր որակով և նախատեսված ժամկետում համալիրը շահագործման կհանձնվի:
Նախարարն այցելել է նաև Վանաձորի Սանկտ Պետերբուրգ տնակային ավան, շրջայց կատարել և ծանոթացել բնակիչների կողմից բարձրացված՝ բնակարանների սեփականաշնորհման կամ այլընտրանքային տարբերակով խնդրին լուծում տալու վերաբերյալ հարցերին:
Ավանի բնակիչների խնդիրը օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով նույնպես մասնակցել է տնակային ավանում կատարված շրջայցին և մարզպետարանում կայացած խորհրդակցությանը՝ իր բարձրացրած հարցի քննարկման մասով:
Մինչ խորհրդակցությունը Ն. Սարգսյանը հանդիպել և զրուցել է մարզպետարանի բակում հավաքված՝ բնակապահովման խնդիրներ ունեցող բնակիչների հետ, պատասխանել նրանց, ինչպես նաև՝ լրատվամիջոցներին հուզող հարցերին:
Կարդացեք նաև
Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետերը, անդրադարձ է եղել Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքների և գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման, վթարային շենքերի ուժեղացման, կիսակառույցներն ավարտին հասցնելու միջոցով տնակային ավանի բնակիչների խնդիրների լուծման, ինչպես նաև՝ մարզի քաղաքաշինական զարգացման հիմնահարցերին:
ՀՀ քաղաքաշինության նախարարություն