Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռով պայմանավորված 12-ից մինչեւ 22 շաբաթական հղիության ընդհատումը կարգելվի

Հուլիս 01,2015 19:50

«Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` սույն  հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որեւէ այլ դեպքում, ներառյալ սեռով պայմանավորված 12-ից մինչեւ 22 շաբաթական ընդհատումն արգելվում է». Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է, այսպես ասած՝ պայքար սեռով պայմանավորված աբորտների դեմ: Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է  «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների» մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Ըստ այդմ, ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքէջից,  նախագծում նշված է՝ մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետը` կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչեւ 12 շաբաթական հղիության ժամկետը  իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ:

12-ից մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը` կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում ընդհատումից առաջ բժիշկը իրեն  դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` 3 օրացուցային օր ժամկետով, (իսկ եթե երրորդ օրացուցային օրը համընկնում է հղիության 22-րդ շաբաթը լրանալու օրվան, ապա մինչև այդ ժամկետը լրանալը) որը հաշվվում է կնոջ` հղիության արհեստական ընդհատման (աբորտ) համար բժշկին առաջին անգամ դիմելու  պահից:

Ընդհատման բժշկական միջամտությունը իրականացնելուց անմիջապես առաջ բժիշկը պարտավոր է կնոջը տրամադրել անվճար խորհրդատվություն ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ,  ինչի մասին բժշկի կողմից գրառվում է ընդհատման համար դիմած կնոջ բժշկական փաստաթղթերում եւ հաստատվում կնոջ ստորագրությամբ: Բժշկին այս նախագծով պարտավորեցվում է կնոջը տրամադրել անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ:

Այս եւ մի շարք այլ հոդվածներով նախատեսված պարտավորությունները չկատարելու դեպքում, իրավախախտ բժիշկների նկատմամբ ֆինանսական տույժեր կկիրառվեն:

Նախարարությունը նախագծի անհրաժեշտությունն հիմնավորելով ու ընթացիկ իրավիճակը ներկայացնելով, նշել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն  սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է:  Նման անհամամասնության ձեւավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում եւ հասարակությունում տղայի դերի եւ նշանակության մասին ձեւավորված պատկերացումների հետ, այնպես էլ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ:

Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել եւ դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Խնդիրը, հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում  մինչեւ 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման,  եւ որպես հետեւանք բնակչության թվաքանակի նվազման եւ բազմաթիվ այլ լուրջ խնդիրներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031