ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից արդեն ավարտվել են ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստատեսային հեռարձակման համակարգի ներդրման աշխատանքները:
Միաժամանակ նշենք, որ հանրապետության այն բնակիչները, ովքեր արդեն ունեն թվային ազդանշանի ընդունման համար անհրաժեշտ սարքավորումներ և ընդունման ժամանակ նկատում են որակի թերություններ, կարող են զանգահարել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության «թեժ գծին»՝ (010) 65-37-87 հեռախոսահամարով:
Տեղեկացնենք նաև, որ անալոգայինից թվային հեռարձակման անցնելու ընթացքում սոցիալական հնարավոր խնդիրները սահուն հաղթահարելու նպատակով ՀՀ ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի՝ անալոգային հեռարձակման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն