Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. 9 քայլ, որոնք կբարեփոխեն էներգետիկ համակարգը

Հուլիս 01,2015 16:52

Էներգետիկ ռեֆորմ

“Ոչ թալանին” շարժումը հսկայական աշխատանք արեց (անում է) Հայաստանում հանրային մտածողության ընդվզման, փնտրտուքի և հետագա զարգացման ու պրակտիկայում այդ ամենի իրականացման կապակցությամբ։ Իրականում, ժողովուրդը աշխատում է իշխանությունների փոխարեն։ Ակնհայտ է, որ ՀԷՑ-ի սեփականատերը (ՌԴ կառավարությունը) հենց այս շարժման շնորհիվ է, որ իրական տեղեկատվություն ստացավ, թե ի՞նչ է կատարվում էներգետիկ ոլորտում, պատկերացումներ կազմեց չարաշահումների մասշտաբի մասին։ Մոսկվայում բնակվող իմ մտավորական ընկերները զայրույթից կարկամել էին իմանալով էլեկտրաէներգիայի սակագները ՀՀ-ում (ՌԴ համեմատ)։ Դրանով հանդերձ ժողովուրդն արեց այն, ինչն իրականում ՀՀ իշխանությունների գործն էր։

Հիմա ելքերի մասին։ Իրականում ՀՀ էներգետիկ համակարգը խորը բարեփոխումների առաջ է կանգնած։ Ներկայում այն պետական կառավարման մեթոդաբանությամբ է գործում։ 1990-1992թթ փորձը ցույց տվեց, որ դա շուկայական տնտեսությունում չի աշխատում։ 1993-1997թթ ստեղծվեցին արտադրության և սպառման համակարգերի հարմոնիկ շուկայական մեխանիզմներ։ 1999-ից հետո այդ մեխանիզմները ոչնչացվեցին և անցում կատարվեց, վերստին, պետական համակարգին՝ծախսատար, անարդյունավետ, հսկայական կոռուպցիոն ռիսկերով։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ էլեկտրաէներգետիկ հատվածում բարեփոխումների քայլերը, որոնք իրականացնելու համար ընդամենը մի 15 օրվա աշխատանք է պետք։

1. ՀԾԿՀ 2015թ հունիսի 17-ի որոշումը էլեկտրաէներգիայի նոր սակագների մասով չեղարկվում է։

2. Օրենքով ստեղծվում է էներգետիկ շուկա հետևյալ մասնակիցներով. արտադրողներ (գեներացնող հզորությունների՝ ԱԷԿ, ՀԷԿ-երի, Ջէկ-երի ներկայացուցիչներ), տեղափոխողներ (բարձրավոլտք գծերի ներկայացուցիչներ և մանրածախ վաճառողներ (ՀԷՑ), Կառավարության (էներգոնախ), ՀՀ ԿԲ, ՀԾԿՀ ներկայացուցիչներ։

3. Էներգետիկ շուկայի մասնակիցների միջև պարբերաբար (սկզբնական շրջանում ամեն օր, իսկ ապա ամեն շաբաթ, ի վերջո առնվազն ամեն ամիս) տեղի են ունենում գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գնի սակարկություններ՝ ՀԷՑ-ի (ՀԷՑ-երի) պահանջարկի հայտի հիման վրա։ Որոշումներն ընդունվում են ներկայացուցչական քվեարկությամբ։ Էներգետիկ շուկայի նիստերը նախագահում են հերթով բոլոր մասնակիցները։

4. ՀԾԿՀ-ն հետայսու դադարեցնում է էլեկտրաէներգիայի սակագին հաստատելու պրակտիկան։

5. ՀԾԿՀ-ի իրավասության տակ է միայն բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագինը հաստատելը։ Այս սակագնից հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մեծածախ գինը՝ “գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գին + բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագին”։

6. ՀԾԿՀ-ն ելնելով էլեկտրաէներգիայի մեծածախ գնից շուկայի ներկայացուցիչների հավանությանն է ներկայացնում մարժայի (սպրեդի) չափը (տոկոսներով էլեկտրաէներգիայի մեծածախ գնի նկատմամբ)։ Այն կարող է լինել տարբերակված ըստ սպառման ժամանակի (ցերեկ, գիշեր) և ծավալի (ամսեկան մինչև 100 կիլովատ, 100-300, 300-1000 և այլն)։

7. Մարժան սահմանելուց հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մանրածախ գինը՝ շուկայական։ Այն կարող է փոփոխվել (բարձրանալ և իջնել) ըստ ամիսների։

8. ՀԷՑ-ը (անկախ թե ով է սեփականատերը) բաժանվում է առնվազն 2 (երկու) ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող ձեռնարկությունների (օրինակ, առանձին, Երևանը և մնացած հանրապետությունը)։

9. Եթե վերը նշված 8 կետերի կատարումն ավելի երկար ժամանակ պահանջի, ապա ժամանակավորապես, օրինակ օգոստոսի 1-ից, բայց ոչ ավել քան մինչև հոկտեմբերի 1-ը, ՀԷՑ-ը թող ինքը սակագին հաստատի և աշխատի։

Արեք այս ամենը և կստանաք 30-35 դրամ սակագին, իսկ դրա տարեկան բարձրացումը 3-5%-ից ավել չի լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031