Լրահոս
Օրվա լրահոսը

«Գասպարյան Վովային եկեղեցում տեսել եմ մենակ, ընդգծված հավատացյալ է». Ազատ Արշակյան

Հուլիս 01,2015 16:09

«Վլադիմիր Գասպարյանի պահվածքն անփորձության հետեւանք է եւ հուզմունքի: Կարծում եմ, դա է պատճառը, որովհետեւ այն բարեփոխումները, որ սկսել է Գասպարյան Վովան ՀՀ ոստիկանությունում, ցույց է տալիս, որ ծրագրերը լավն են: Ասելով չքվիր, սթափվեք, ավելի խիստ կլինեմ եւ այլն, դրանք բոլորը վրիպումներ են, նա վրիպեց»,- այսօր Բաղրամյան պողոտայում Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ վերջին օրերի պահվածքն այսպես մեկնաբանեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի՝ Ավետարանից մեջբերումներին՝ Ազատ Արշակյանն ասաց. «Ծանոթ լինելով նրա կենսագրությանը, միլիցա-պեպելնիցան ոստիկանություն դարձնելուն, ես համարում եմ, որ դրանք սթրեսային վիճակից վրիպումներ են: Հույս ունենանք, որ նա իր ընտրած կուրսը կպահի, իր ծրագրերին հավատարիմ կմնա եւ կպաշտպանի ՀՀ քաղաքացիներին»:

Մեր դիտարկմանը, որ ոստիկանությունում ասում են, որ առաջվանը չեն, բարեփոխվել են, որ այլեւս ոստիկանական բաժանմունքներում խոշտանգումներ չկան, Դուք տեսնո՞ւմ եք փոփոխություն՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ փոփոխություններ, բայց ամսի 23-ի դեպքը ես համարում եմ կոպիտ սխալ: Այդ սխալից պետք է դասեր քաղել, նման բան չպետք է կրկնվի, եւ դրա պայմաններից մեկն էլ այն է, որ բռնություն թույլ տվողները պետք է անպայման պատժվեն: Եթե Հայաստանի մլիցեն դառնում է ոստիկան, ուրեմն նրանք պետք է իրենց հանցագործ հակումներով, սադիստական, վայրի գործընկերներին պատժեն: Նրանք բռնություն են գործադրել քաղաքացու եւ հատկապես լրագրողների նկատմամբ: Պետք է խիստ պատժվեն, որ մյուսների համար դաս լինի»:

Մեր հարցին՝ ոստիկանապետն օգտագործեց բառապաշար, որոնք սոցցանցերում քննարկման առարկա են դարձել՝ գժուկ, թոթոլ թաթիկներ, Աստվածաշնչից մեջբերումներ, դրանք ինչ-որ բեմական կերպար ստեղծելու համա՞ր են՝ նա պատասխանեց. «Ոստիկանապետը վաղուց հայտնի է որոշակի ստեղծագործական հակումներով: Նա ընդգծված հավատացյալ է»:

Մեր զարմանքին՝ բայց հավատացյա՞լ է՝ Ազատ Արշակյանը վստահեցրեց, որ այո ու դեպք պատմեց, թե ինչու է համոզվել. «Բոլորովին խաղաղ պայմաններում, որը ցուցադրական չէր, գնացել եմ եւ Գասպարյան Վովային եկեղեցում տեսել եմ մենակ ու զարմացել եմ: Ասել եմ՝ դու ինձ զարմացնում ես, ասել է՝ կլինե՞ր դու էլ այստեղ չլինեիր»:

Մեր դիտարկմանը, որ եկեղեցի գնալը հավատացյալ լինելու չափանիշ չի, գուցե այնքան մեղք է գործել, որ մեղքերի թողության համար է գնացել՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Իհարկե, չափանիշ չէ: Հատուկ ծառայություններ, ծանր վճիռներ կայացնող մարդը երբեմն ուզում է մեկուսանալ եկեղեցում, որն ունի հատուկ մթնոլորտ: Նա կարող է իր տանն ու իր աշխատասենյակում էլ մեղքերի թողության համար աղոթել, բայց ճիշտ է, երբ գնում ես եկեղեցի՝ այդտեղ դու կապ ես գտնում քո նմանների հետ: Մարդ ուզում է իր մեղքը բաժանել ուրիշների հետ»:

Մեր դիտարկմանը՝ ջարդելու, մարդկանց կոտորելով ցրելու հրաման տվող մարդը ո՞նց կարող է հավատացյալ լինել՝ Ազատ Արշակյանը վստահեցրեց, որ դրանք վրիպումներ են, հիվանդություն չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031