Էնտուզիազմը, երիտասարդ տաքարյունությունը, ոգեւորությունն ու սուր զայրույթը բավարար չեն, բողոքի ակցիաների ժամանակ լուրջ արդյունքների հասնելու համար. Այսպիսի կարծիք հայտնեց այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը էլեկտրաէներգիայի դեմ բողոքի ակցիայի գործընթացի մասին: Նրա խոսքերով՝ մարդիկ գալիս էին այնտեղ, հետո հասկանում էին՝ ինչո՞ւ եք եկել, ընդհանրապես:
Իսկանդարյանն ասաց, որ ակցիայի ամբողջ ընթացքում գաղափարների պակաս կար, որովհետեւ սակագնի բարձրացման որոշման չեղարկումը, գաղափար չէ, կոնկրետ համակարգված, խելամիտ տեքստեր էլ չկային. «Մեթոդները որոշվում էին հընթացս, տեխնոլոգիաներ չկային, լիդերներ չկային: Չեն կարող լինել հասարակական շարժումներ առանց լիդերների: Երբ ինչ-որ լիդերներ էին հայտնվում, ամբոխը դեմ էր գնում»:
Քաղաքագետի կարծիքով՝ այն, որ ասում են ակցիան պառակտվեց, պառակտում չի եղել, ակցիայի ամբողջ ընթացքում միասնականություն չի եղել հենց սկզբից. «Ես միշտ գնում էի շրջում, զրուցում, նրանց մոտ չկար միասնական օրակարգ»:
Իսկանդարյանն ասաց, որ իշխանություններն էլ սխալ թույլ տվեցին. «Նույնիսկ սխալ չէր, այլ՝ ռեֆլեքս. կա խնդիր, եկեք լուծենք տեխնիկական միջոցով: Ցրում ես մի քանիսին, ավելի շատ են հավաքվում»:
Կարդացեք նաև
Իսկանդարյանը շատ հավանական է համարում, որ ակցիան գնում է դեպի մարում. «Ես կարծում եմ ամենահավանական մարման է գնում, հնարավոր է դանդաղ»:
Aravot.am-ի այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ «Ոչ թալանին» խմբի երիտասարդները, որոնք լուրջ փորձ չունեն նման կարգի շարժումների, հետագայում աճեն եւ նրանց միջոցով մեր հասարակությունում ձեւավորվի քաղաքական շարժում, որը հեղաշրջման կտանի, Իսկանդարյանն ասաց, որ տղաներն առաջին անգամ չէ, որ բողոքի ակցիաներ են անում: Բայց հնարավոր է այսպիսի ակցիաների հետեւանքով, վերջիվերջո, կարգախոսները ձեւափոխվեն լուրջ տեքստերի եւ այլն:
Մանրամասն՝ տեսանյութում
Մեր մյուս հարցին էլ՝ Արեւմուտքի «ականջները» տեսնո՞ւմ է այս ակցիայի թիկունքում, ինչպես որ ռուսական լրատվամիջոցներն ու ռուս փորձագետներն են ասում, Իսկանդարյանն ասաց. «Նրանք միշտ են այդպես անում, աշխարհի մյուս ծայրում մի բան լինում է, ասում են՝ Ամերիկան է, եթե Ամերիկան է, ուրեմն հակառուսական է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
այ երբ դու կհեռանաս կամ կխոսես հայերեն, նոր մենք անկախ ու հաղթանակած կլինենք…