Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Շանզ Էլիզեն 2 օր փակ լիներ՝ սենց հանգիստ կնստեի՞ն, մի շաբաթ է՝ Բաղրամյանը փակ է»

Հուլիս 01,2015 14:44

«Տարանջատել, որ սա ռուսական կազմակերպություն է՝ պոզով պոչով է, իսկ ամերիկական կազմակերպությունը պոզ ու պոչ չի ունենա՝ ես ձեռնպահ կմնամ գնահատել: Ռուսական է, թե ինչ է՝ կազմակերպության նպատակը շահույթ հետապնդելն է»,- այսօր ՄԱԱ-ում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի հետ կապված այսպիսի դիտարկում արեց՝ կոչ անելով չկապել ՀԷՑ-ի խնդիրը ՌԴ-ի հետ:

Նա ասաց, որ ՀՀ նախագահը չի կարող չեղարկել ՀԾԿՀ որոշումը, այն չես կարող վիճարկել անգամ դատարանում. «Այնպես չի, որ ասում ենք՝ 0 վճարենք սակագինն ու վաղվանից 0 ենք վճարելու: «Ոչ թալանին» կամ հոսանքի թանկացման դեմ հասարակության երիտասարդների շարժումը շատ արդարացված է: Այն անվստահությունը, որ կար նմանատիպ խնդիր՝ բարձրացվեց: ՀՀ նախագահն ասաց՝ կներեք, պետք է ամեն ինչը հասկանանք: Քանի որ հասարակության մեջ կա լրջագույն անվստահության խնդիր, որ ես չեմ վճարելու, քանի որ դա առաջացել է ուրիշի թալանի պատճառով, նախագահն ասում է՝ դրա համար եկեք որոշենք ինչ ենք անում, առայժմ սառեցնում ենք: Բերեք աուդիտ անցկացնենք: Եթե թալանել են՝ թալանչիին պատժենք, գումարը վերականգնենք, եթե կազմակերպության ապաշնորհության պատճառով է, ազգայնացնենք էլ ի՞նչ եք ուզում»:

Հարցին՝ Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ը հայկական կողմին է մեղադրել, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Վարդան Այվազյանն ասաց, որ լավագույն լուծումը դրա համար ՀՀ նախագահն է առաջարկել. «Որպեսզի սուրճի բաժակը նայողի տպավորություն չթողենք, ասում է՝ եկեք միասնական աուդիտ անենք: Եթե Այվազյան Վարդանն ասի՝ այո, մեղավոր է, կամ ոչ, մեղավոր չի, ինչ-որ բան դրանից փոխվո՞ւմ է»:

Հարցին՝ եթե պիտի աուդիտ անեն, որ իմանան՝ թալանել են, թե չէ, այս երկրում ինչի՞ ենք պահում իրավապահ մարմիններ, դատախազություն, պրոֆեսիոնալները ինչի՞ չեն զբաղվել դրանով եւ քրեական գործ ինչո՞ւ չի հարուցվել՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Հասարակությունը չի վստահում, կասկածներ ունի, նախագահն էլ ասում է՝ կասկածում ես, ում վստահում ես, բեր, թող մասնակցի»:

Aravot.am-ի հարցին՝ Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, որ կա հասարակական անվստահություն, լուրջ կասկածներ, որ թալանել են, ինչո՞ւ մինչ բողոքի ցույցերը չորոշեց աուդիտ անել, եւ հետո՝ ասում են եթե մի գործ ուզում ես տապալել՝ հանձնաժողով ստեղծիր, 2014-ին էլ է աուդիտ եղել՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Որեւէ մեկին հաճելի չի հոսանքի գինը բարձրացնել: Երբ որ մարդկանց մոտ լուրջ բողոքի ակցիա բարձրացավ, փակվեց գլխավոր փողոցը: Օրինակ, Շանզ Էլիզեյում 2 օր փակ լիներ, սենց հանգիստ կնստեի՞ն, մի շաբաթ է՝ փակված է: Նախագահն ասում է՝ ես համամիտ եմ, որ հոսանքի գինն արդարացված է, որովհետեւ ինձ մասնագետներն այդպես են զեկուցել: Հիմա իմ ժողովուրդն անվստահություն է հայտնում, մի հատ աուդիտ արեք»:

Հետո Վարդան Այվազյանը, տեսնելով, որ մամուլի ակումբում օրը ցերեկով լույսը միացված է՝ նկատողություն արեց՝ ինչու է միացված: Դիտարկմանը, որ ԱԺ-ում էլ է միացված լինում, օդափոխիչները միացրած, պատուհանները բացած՝ նա պատասխանեց, որ իր աշխատասենյակում այդպես չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031