Հարգելի ցուցարարներ,
Այսօր Լիոնի հայ երիտասարդությունը հավաքվել է Լիոնի ՀՀ Հյուպատոսության առաջ, ցանկանալով սատարել ձեզ և հայտնել, որ մենք ձեզ հետ ենք, ձեզ հետ ենք օր ու գիշեր ֆեյսբուքյան մեր էջերում, ձեզ հետ ենք գիշերները լրատվական ուղիղ թողարկումներում, ձեզ հետ ենք`պահ-պահ մոռանալով, որ մենք Հայաստանում չենք, մոռանալով մեր այլ հոգսերը և ապրելով միայն այն իրադարձություններով, որոնք կատարվում են մեր երկրում: Ոգեշնչվում ենք ձեզ հետ միասին, հուսադրվում ենք ձեզ հետ միասին, տագնապում, ցավում, հուսահատվում և ուրախանում ձեզ հետ և ձեր հաղթանակներով:
Հավատացեք, դուք արդեն արել եք ամենադժվար քայլը, մի հուսահատվեք, սա սկիզբն է մի մեծ պայքարի հանուն արդարության և արժանապատիվ կյանքի, որոնք երբեք հեշտությամբ ոչ-ոքի չեն մատուցվում: Այս պայքարը պետք է շարունակական լինի, ամեն օր, ամեն ժամ, լինի դա փողոցում, աշխատավայրում, ուսումնական հաստատությունում:
Իսկ ՀՀ իշխանություններին ուղղակի շնորհավորում ենք հերթական խայտառակ պարտության համար: Այն ամենը, ինչ բացահայտվեց, նրանց հերթական թալանչիական և բռնապետական գործունեության մի մասն էր: Միթե այս օրերի ընթացքում կրկին և կրկին չհասկացան, որ ազգն իրենց ատում է, ծաղրում և անիծում:
Կարդացեք նաև
Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ հպարտ և խիզախ ցուցարարներին ու լրագրողներին իրենց սեփական հույսից ու լույսից մեզ բաժին հանելու համար
Մենք ձեզ հետ ենք:
Լիոնի հայ երիտասարդներ