Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի նստացուցարարը՝ երկրի նախագահին. «Այս հարցը արագ կարգավորեք»

Հուլիս 01,2015 13:51

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հարցաքննության էր հրավիրվել Գյումրիում հոսանքի թանկացման դեմ պայքարող նստացուցարար, Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:

Կարեն Պետրոսյանը քննչականից դուրս գալով՝ Aravot.am-ին փոխանցեց, որ ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց, նշել է, որ չի ընդունում մեղադրանքը եւ ուզում է ծանոթանալ փաստական հանգամանքներին:

«Տեղի է ունենում մի գործընթաց, երբ քաղաքացիական պրոցեսը իշխանություններն այսօր քաղաքականացնում են. քաղաքական որոշում են կայացրել գործ սարքելու: Ես կարծում եմ, որ երկու հիմնական սխալ է եղել իշխանությունների կողմից, այն, որ քաղաքականացրել են քաղաքացիական գործընթացը եւ երկրորդ՝ իրենք խախտել են մարդկային բարոյականության նշանակը. զրպարտությունը, սուտ ցուցմունքը հակաքրիստոնեական են, ասում է՝ մի կեղծ վկայություն տուր, կեղծ վկայության վրա կեղծ գործ են սարքել: Իրենք նաեւ հակաքրիստոնեական, հակամարդկային գործ են սարքել, այսինքն՝ տղամարդուն ոչ սազական:

Հետեւաբար, ով որ այս գործընթացի համար պատասխանատու է, բիոզուգարանների պատասխանատուից մինչեւ Բաղրամյան 26-ում նստած պատասխանատուն, այսինքն ցանկացած մարդ, որը որ այս պրոցեսում ներգրավված է, ազդել է այս շինծու գործի վրա, կամ ինքը կարողացել է կանխել ու չի կանխել, այդ մարդիկ այս պահին ինձ համար տղամարդ կոչվելու իրավունք չունեն: Ես առաջարկում եմ, որ իրենց բաժանվի շրջազգեստներ եւ իրենք շրջազգեստներով պտտվեն այնքան ժամանակ մինչեւ որ քրիստոնյա ազգի ներկայացուցչի, այսինքն իմ հանդեպ, ես ինձ քրիստոնյա եմ համարում, կեղծ գործը կդադարեցվի:

Սա առաջին, երկրորդը՝ իրենց տանեցիները պետք է թքեն-մրեն իրենց, պախարակեն, խայտառակեն, երբ ինքը գնա տուն, ասենք գլխավոր դատախազը, եթե էս գործի հետ առնչություն ունի, ավելի շատ քննչական կոմիտեի նախագահը, վստահ եմ՝ ինքը ազդել է էս որոշման վրա: Հիմա, որ ինքը գնա տուն, մի տեղ, իրեն պիտի ամոթանք տան, ասեն՝ այ գործ սարքողներ, բա էդ մարդը, որի իր համար իր քաղաքացիական ձայնն է բարձրացնում, գո՞րծ եք սարքում, ամոթ քեզ: Այսինքն ցանկացած մեկը, պետ լինի, քննիչ լինի, ով որ էս ամեն ինչին ենթարկվել է,, մասնակցություն է ունեցել, հասարակությունը պետք է պախարակի, ասի՝ դուք ստոր արարք եք արել՝ հակամարդկային, հակաքրիստոնեական արարք են գործել: Դուք ստորություն եք անում, հարգելիներս,պարոնայք, սթափվեք:

Եթե մարդիկ կան, որոնք էդ պրոցեսների մեջ են՝ կլինեն տեղական իշխանություն, մարզային իշխանություն, հասարակությունը պետք է իր գնահատականը տա, եթե գնահատական չեն տալիս, իրենք էլ պետք է շրջազգեստ հագնեն… Այսինքն բոլոր էն մարդիկ, որոնք մտահոգված են երկրով, մտահոգված են մեր երկրի ազգային-քրիստոնեական արժեքներով, պետք է գնահատական հնչեցնեն»:

Նա ասաց, որ իր փաստաբանը զբաղվում է այս գործով, ինքը չի ենթարկվելու նրանց սադրանքներին եւ սա քաղաքական գործընթաց չի սարքելու իր համար: « Ես հիմա էլ եմ շարունակում իմ քաղաքացիական պայքարը, իշխանությունները քաղաքականացնում են այս հարցը, ես իրենց սադրանքին չեն ենթարկվելու, ես բարոյական ու իրավական պրոցեսի մեջ եմ էս պահին:

Ես կխորհրդակցեմ իմ փաստաբանի՝ Հայրապետյան Արամայիսի հետ, եթե անհրաժեշտություն լինի, կվերցնեմ փաստաբանական մեծ խումբ:

Ես դիմում եմ նաեւ Սերժ Սարգսյանին՝ որպես քրիստոնեական երկրի նախագահի, եթե այդքան բարոյականության կշիռ ունի, այդ հարցն անմիջապես ու արագ կարգավորեն, եթե չէ, թող իրենք էլ շրջազգեստ հագնեն, ով ուզում է լինի՝ բիոզուգարանի պատասխանատուից մինչեւ երկրի նախագահ, ով որ բարյականությունը խախտում է»,- եզրափակեց Կարեն Պետրոսյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031