Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ի տնօրեն Մասուդ Ահմեդի հայտարարությունը Հայաստան կատարած այցի ավարտին

Հուլիս 01,2015 13:18

ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն պրն. Մասուդ Ահմեդը հունիսի 28-ից հուլիսի 1-ն այցելել է Հայաստան` իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ հանդիպելու համար: Այցի ավարտին պրն. Մասուդն արել է հետևյալ հայտարարությունը. «Շատ ուրախ էի այցելել Հայաստան և հանդիպել նախագահ Սարգսյանի, վարչապետ Աբրահամյանի, բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, միջազգային համայնքի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Մենք կարծիքներ փոխանակեցինք Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղման, դրամական փոխանցումների և պղնձի գների նվազման և Եվրոպայում և աշխարհում դանդաղ աճի ազդեցությունների վերաբերյալ: Մենք ուշադրությունը կենտրոնացրեցինք միջնաժամկետ հեռանկարում տնտեսական աճի բարելավման ուղիների և զբաղվածության հեռանկարների վրա:

«Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի դժվարին պայմանները և հեռանկարները իրենց ազդեցությունն են ունենում Հայաստանի վրա: Առաջիկա մի քանի տարիներին հավանական է, որ պահպանվի տնտեսական աճի չափավոր մակարդակ, ինչը կդժվարեցնի աշխատատեղերի ստեղծումը և կենսապայմանների բարելավումը: Չնայած Հայաստանի մակրոտնտեսական կայուն կառավարման փորձին, մակրոտնտեսական բուֆերների մակարդակն այժմ ցածր է, և արտաքին պարտքի և ֆինանսական դոլարայնացման ավելի բարձր մակարդակը տնտեսությունն ավելի զգայուն է դարձնում արտաքին անբարենպաստ տնտեսական զարգացումների նկատմամբ: Դրական առումով` վերջին հինգ տարիներին տեղի է ունեցել կարևոր տնտեսական վերափոխում. գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և ծառայությունների ոլորտներում կատարվել են ներդրումներ և նպաստել աճին:

«Հետագայում ավելի բարձր աճին օժանդակելու համար անհրաժեշտ է վճռական գործողություն: Թեև մակրոտնտեսական կառավարումը լավ է իրականացվել, այժմ ջանքեր պետք է գործադրվեն աճը խթանող կապիտալ և սոցիալական ծախսերի ավելացման և պետական պարտքի նվազեցման ուղղությամբ: Հարկային վարչարարության ուղղությամբ հետագա առաջընթացը և հարկային համակարգի արդյունավետության և արդարացիության բարելավումը լրացուցիչ ռեսուրսներ կապահովեն այդ նպատակների իրականացման համար: Կկարևորվեն նաև Հայաստանի արտաքին պահուստների հետագա ամրապնդումը, ամուր և դիմակայուն բանկային համակարգի պահպանումը և էներգետիկայի ոլորտում թերությունների վերացումը:

«Նշված գործողությունները պետք է փոխլրացվեն համարձակ կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ: Անհրաժեշտ են շարունակական գործողություններ` գործարար միջավայրի բարելավման, տնտեսությունն ավելի բաց, մրցունակ դարձնելու և տարածաշրջանին և աշխարհին ինտեգրելու համար:

ԱՄՀ-ն տեղյակ է, որ պայմանները դժվարին են և նշված գործողությունների իրականացումը դյուրին չէ: Մենք արդյունավետորեն համագործակցել ենք Հայաստանի հետ վերջին երկու տասնամյակում և շարունակելու ենք հանձն առնել օգնել Հայաստանին և նրա ժողովրդին: Շնորհակալ եմ իշխանություններին իրենց հյուրընկալության և այցիս ընթացքում կառուցողական երկխոսության համար»:

International Monetary Fund

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031