Բաղրամյան պողոտայի սկզբնամասում երեկ էլ շարունակվում էր բողոքի ակցիան, եթե կարելի է որպես ակցիա բնորոշել այն, ինչ տեղի էր ունենում: Ճիշտն ասած, օրվա մեծ մասը, հասկանալի է, նաեւ երեւանյան տապով պայմանավորված, առանձնահատուկ ոչինչ էլ տեղի չէր ունենում:
Ցանկության դեպքում, կարելի է, իհարկե, որպես կարեւոր իրադարձություն մատուցել, ասենք, ինչ-որ հարբած կնոջ ու նրա ծանոթների՝ սպիտակ «Նիվայով» պողոտայի սկզբնամասում հայտնվելը: Կամ, ասենք, այն, որ Երեւանի փոխոստիկանապետը ցերեկը շրջեց պողոտայի «ցուցարարների հատվածում»՝ հորդորելով հանել ծառաբներին հարմարեցված մոմլաթե ծածկոցները:
Ամենակարեւորը. չկա որեւէ դինամիկա Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մնացած քաղաքացիների ակցիայում: Այո, պողոտան տակավին փակ է երթեւեկության համար, «Սանիտեկի» արդեն աշխարհով մեկ հայտնի աղբարկղերն էլ նույն տեղում են դեռ, բայց հոսանքի թանկացման դեմ անցած օրերին ծավալված հուժկու պայքարն է որոշակի փոփոխությունների ենթարկվել:
Ամենից առաջ, ակցիայի ներսում ինչ-որ բան կազմակերպողների կազմն ու որակական նկարագիրն է որոշակիորեն փոխվել:
Կարդացեք նաև
«Ոչ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչներին պիտակավորելուց եւ «դավաճան» հռչակելուց հետո առաջին պլան են գալիս նաեւ այնպիսի կերպարներ, որ առանձնակի չեն փայլում իրենց պատրաստվածությամբ կամ տեղեկացվածությամբ:
Երեկ, օրինակ, ակտիվ ցուցարար երիտասարդներից մեկը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվում էր, թե հնարավո՞ր է, որ մինչեւ ՀԷՑ-ի աուդիտի ավարտը նոր սակագինը չկիրառվի: Սա այն դեպքում, երբ այդ հարցի պատասխանն արդեն մի քանի օր առաջ տրվել է, չհաշված վերջին օրերի շարունակական արծարծումները:
Կամ մեկ ուրիշը, մեգաֆոնը ձեռքին (կազմակերպիչներից մեկը լինելու յուրօրինակ տարբերանշան) խոսում է անգիր արած ինչ-որ նախադասություններով, ըստ որում, կարծես այնքան էլ չտարբերակելով ՀԷՑ-ն ու ՀԾԿ հանձնաժողովը:
Ցանկության դեպքում, իհարկե, էլի նման օրինակներ կարելի է նշել: Բայց հարցն այդ օրինակները չեն, այլ այն իրողությունը, որ շարժման «լոկոմոտիվը» փոխվել է, իսկ նման իրավիճակում առաջին շարքեր եկած նոր դեմքերը, ի վերջո, հավաքվածներին առաջարկելու ոչինչ չունեն՝ հետագա գործողությունների, պայքարի մարտավարության, բովանդակային զարգացումների առումով: Այդ տեսանկյունից պարզորոշ տեսանելի տեղապտույտ է:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում