Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ
Վահագն Խաչատրյանի հետ «ՉԻ»-ն երեկ զրուցել է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներին Սերժ Սարգսյանի ներկայացրած առաջարկների մասին։
– Ինչպե՞ս հասկանանք Ս. Սարգսյանի հայտարարությունը, որ մինչեւ աուդիտի անցկացումը, էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում առաջացած տարբերությունը վճարելու է կառավարությանը։
– Սա էլ է անորոշ։ Կարելի է տարբեր հայտարարություններ անել, բայց մասնագիտորեն անհասկանալի է՝ ինչպես պետք է դա իրականացվի, ինչ միջոցներով, ինչ ձեւով։
Կարդացեք նաև
Եվս մեկ անորոշություն՝ այդ փոխհատուցումը վերաբերվում է միայն քաղաքացիների՞ն, թե՞ նաեւ արտադրողներին կամ բիզնես շրջանակներին։ Սրանք հարցեր են, որոնց վերաբերյալ դեռ պետք է պարզաբանումներ տրվեն։ Այնինչ, այդ պարզաբանումները չկան, փոխարենը՝ ասում են, այս հայտարարություններով բավարարվեք։
– Բայց կարծես թե Սերժ Սարգսյանը մատնանշել էր միջոցները, ասելով. «Անշու՛շտ, մենք ընթացող ծրագրերի կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»։ Ենթադրվում էր, որ նա նկատի ունի ՌԴ-ից ստացվող 200 մլն դոլար վարկը։
– Չէ, չէ, դրա մասին չի խոսքը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարություններն ավելի խճճեցին իրավիճակը, երբ ասաց, թե արտաբյուջետային միջոցների հաշվին կտրվի փոխհատուցումը։ Ի՞նչ է նշանակում արտաբյուջետային միջոցներ։ Ի վերջո, այդ արտաբյուջետային միջոցները եւս բյուջեի միջոցներ են, եթե նայենք մասնագիտորեն։ Դրանք օդում կախված փողեր չեն, այլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիների միջոցներ։ Պետք է հասկանալ՝ որտեղի՞ց այդ գումարները։ Իսկ եթե այդ
գումարները կային, ապա հետաքրքիր է՝ ինչո՞ւ տեղի ունեցավ սակագնի բարձրացում։ Տայիք այդ գումարները, չլիներ սակագնի բարձրացում։ Եթե «բյուջեից դուրս» գումարներ ունեիք, որոնք ոչ մի ձեւով չեն ազդելու ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի վրա, սուբսիդավորման կամ անտոկոս պարտքի տեսքով տայիք ՀԷՑ-ին, թող օգտագործեին, հետո վերադարձնեին:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում