Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատողի օրվա առթիվ
Հարգելի՛ դատախազներ,
Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության 97-ամյակի կապակցությամբ:
Այսօր Հայաստանի Հանրապետության դատախազության առջև ծառացած են բազմաթիվ դժվարին խնդիրներ, որոնց շարքում հատկապես կարելի է առանձնացնել օրենքի գերակայության ամրապնդումը և կոռուպցիայի դեմ պայքարը:
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առաջին հոդվածն ամրագրում է, որ մեր երկիրը ժողովրդավարական և իրավական պետություն է: Դա ձեր գործունեության անկյունաքարն է, ուստի և ձեր կառույցին կարևոր առաքելություն է վերապահված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում:
Դուք պետք է անզիջում լինեք մեր հասարակությունը թուլացնող կոռուպցիայի դրսևորումների հանդեպ, որոնցից ազատվելու համար մեզ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, ինչն անհնար է առանց ձեր անխոնջ և աննկուն աշխատանքի: Պետք է առաջնորդվեք սկզբունքայնությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ: Վստահ եմ, որ որդեգրելով աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումներ, դուք կկարողանաք արդյունավետորեն լուծել ձեր առջև դրված խնդիրները:
Ուրախ եմ, որ դատախազության համակարգը շարունակաբար համալրվում է երիտասարդ, բանիմաց ու գիտակ իրավաբաններով: Հավատում եմ, որ այս ոլորտում որակյալ մասնագետների լուրջ ներուժ կա, որը կարող է իրագործել Սահմանադրությամբ ամրագրված դատախազական լիազորությունները:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ ձեր պատասխանատու գործունեության մեջ, քաջառողջություն և հաջողություններ ձեզ և ձեր ընտանիքներին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ