Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը, երեկ գիշեր Բաղրամյան պողոտայում էր։ Ինչպես նշեց դերասանուհին, այս օրերին նկարահանվում էր Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմում եւ զուգահեռաբար հետեւում, թե ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում, իսկ երեկ, նկարահանումների ավարտից անմիջապես հետո, Խաչիկ գյուղից շտապել էր ղեպի Բաղրամյան, իր աչքով տեսնելու, թե ինչ է կատարվում. «Եկա ու տեսա, որ ժողովուրդը ձայն ունի, ասելիք ունի, արտահայտվելու պահանջ ունի եւ եթե հիմա էլեկտրականության հարցի շուրջ է հավաքվել, ապա պատճառն ավելի հին է եւ պատճառը նաեւ ապագան շտկելու համար է, եւ կհուսամ, որ պիտի կարողանաք ձեր կամքով եւ հարատեւությամբ, հատկապես եթե սա կոչում եք սոցիալական բնույթի հարց, իսկ սոցիալականը կարճ ժամանակամիջոցի հարց չէ։ Կարող եմ միայն ասել, որ ճիշտ շարժում է, ճիշտ է, որ ճամփա իջած եք, բոլոր ժողովուրդների մոտ այդպես է, եւ հուսամ՝ պետությունը կկարողանա այդ գիտակցությունը ստեղծել, եւ ուժի ճանապարհով չէ միայն, որ կարող է այդ հարցերը լուծել»։
Ըստ նրա, ամենակարեւորը բանակցության հարցն է. առանց խաղերի, կեղծիքների պետությունն ընդունի, որ ժողովրդի ձայնը պետք է լսվի, եւ ժողովուրդն էլ հասկանա, որ պետության հետ դա բնական հարաբերություն է. «Բայց ձեզ համար շատ հստակ պետք է լինի, թե ինչ է ձեր պահանջը, եւ ինչու կպահանջեք, կուզեք էլեկտրականության գինը չբարձրանա, բայց միայն դա չի ենթադրվում, չի կարող միայն դա լինել, այս հարցերը չեն պատկանում միայն այսօրվա կառավարության կեցվածքին։ Այս կեցվածքով մի քանի նախագահություն, մի քանի կառավարություն նույն ձեւով կվարվի ժողովրդի հետ։ Ուրեմն պետք է օգտագործեք այս առիթը, բայց ավելի ընդլայնված, մեծ պահանջներ դնելու, ձեզ համար հստակ պետք է լինի՝ սոցիալակա՞ն, թե՞ քաղաքական պահանջ է սա: Երբ Երեւանից հեռանում ենք ու տեսնում ենք գյուղերի վիճակը, հասկանում ես, որ էլեկտրականությունից ավելի է հարցը։ Ես հավատում եմ, որ դուք եք, որ կկարողանաք այս հարցը լուծել՝ երիտասարդությունը եւ ժողովուրդը»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում