Aravot.am-ը Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկացավ, որ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացված «Norway Chess» գերմրցաշարի ժամանակ մահացած ՀՇՖ գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանի աճյունը Երեւան կտեղափոխվի ամենայն հավանականությամբ առաջիկա շաբաթ կամ կիրակի օրը:
ՀՇՖ ղեկավարությունն այսօր հավաքվելու է, որպեսզի քննարկի անվանի շախմատային մեկնաբանի թաղման արարողության հետ կապված կազմակերպական հարցերը եւ դրանք ներկայացնի ՀՇՖ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկացրին նաեւ, որ իրենք ցավակցական բազմաթիվ հեռագրեր են ստանում, այդ թվում՝ ՖԻԴԵ-ից, Եվրոպայի շախմատային միությունից, շախմատի ազգային ֆեդերացիաներից, հասարակական տարբեր կազմակերպություններից, ինչպես նաեւ անհատ անձանցից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ