Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը բլոտ է խաղում, մյուսը՝ չգիտեմ ինչ». Ցուցարարները դժգոհում են՝ գիշերը չեն թողնում իրենց քնել

Հուլիս 01,2015 11:13

Բաղրամյան պողոտայում վաղ առավոտից երիտասարդները քննարկում են հավաքի առջեւ ծառացած խնդիրները, առաջարկում դրանց լուծման իրենց տարբերակները:

Երիտասարդ աղջիկներից մեկը դժգոհեց, որ գիշերը արթուն մնացողները չեն թողնում քնել մյուսներին, որոնք հոգնած են ու ուզում են քնել. «Ավելի լավ է բոլորը քնեն, որ ցերեկն էստեղ մարդիկ ուժ ունենան, կարողանան մնալ, օգնել, ինչ-որ բան անել: Մարդիկ ամբողջ գիշեր չեն քնում, գնում են տուն, քնում են, ցերեկն էստեղ մարդ չի մնում: Հիմա մեկը ես, պատրաստվում եմ գնալ տուն, որովհետեւ ամբողջ գիշեր չեմ քնել: Մեկը բլոտ է խաղում, մյուսը չգիտեմ ինչ եւ այլն: Խնդիր չկա, էլի խաղացեք, բայց էնպես արեք, որ չխանգարեք մյուսներին, մարդիկ ուզում են հասնել իրենց պահանջների բավարարմանը»:

Մի ուրիշ աղջիկ էլ անդրադարձավ պայքարից սկսված հիասթափություններին, ցուցարարների թվի նվազմանը. «Հուսահատության պատճառը պարզ է , որ դրա համար իր մեծ դերն ունեցավ ապատեղեկատվությունը, դա ակնհայտ է: Մեր շարքերը նվազում են, որովհետեւ մարդիկ ֆիզիկապես հոգնած են, գնում են տուն հանգստանան, բայց դա չի նշանակում, որ լքել են շարքերը: Սկզբում մեզ թվում էր, որ կարճատեւ ժամանակով Բաղրամյանը փակելով՝ հարցը կլուծենք, բայց հասկանում ենք, որ պայքարն ավելի երկարատեւ ժամանակ է պահանջում: Հիմնական մեկնակետը պետք է ընդունել Բաղրամյանի փակ պահելը, ոչ թե հուսահատությունները: Երաժշտության հարցին եմ ուզում անդրադառնալ, ցուցարարը գիշերը չպետք է երգի բարձր ու երաժշտություն չպետք է միացնի, պետք է հասկանա, որ անջատելը թե իր կողքին քնած անձի անդորրը չխանգարելու համար է, թե բնակիչներին չխանգարելու համար»:

Մի ուրիշն էլ առաջարկեց՝ ով հոգնել է, էլ չի ուզում պայքարի, թող «սուսուփուս» հեռանա՝ առանց մնացողներին քննադատելու. «Եթե մարդ կա, որ հասկացել է , որ իր պահանջը բավարարվել է ու չի ուզում այլեւս շարունակի պայքարել, ինքը պետք է այստեղից դուրս գա ու գնա տուն: Այստեղ կամ facebook-ով չպետք է մեղադրի՝ ով որ շարունակում է մնալ այստեղ պայքարել, սխալ է անում»:

Նա ասաց՝ արդյունքը տեսանք՝ ինչի ենք հասել, երբ գնացողները սկսեցին մնացողներին քննադատել. «Հենց սա է պատճառը, թե ինչու ենք այսօր քիչ: Ոչ մեկ չի նեղանում, ով որ ուզում է թող գնա տուն»:

Մի ուրիշ երիտասարդ էլ ասաց՝ ամեն ինչի մասին խոսեցինք, բացի հոսանքի թանկացումից. «Կուզենայի կարծիք լսել, թե ինչպես անենք, որ հարցի լուծման գործընթացն ավելի արագանա»:

Մանրամասներն ավելի ուշ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031