Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից ոստիկանական բաժանմունք տարվեցին երեք երիտասարդ, որոնք առավոտից այստեղ գարեջուր էին խմում: Ալկոհոլ օգտագործած երիտասարդների հետ ոստիկանական բաժանմունք գնացին երկու ակտիվիստ աղջիկ՝ հաղորդում տալու, որ ալկոհոլ օգտագործած երիտասարդներն իրենց խանգարել են:
Aravot.am-ը քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանից հետաքրքրվեց՝ այդ երիտասարդներն իրենց ինչով են խանգարել. «Այդ երեք երիտասարդները մոտ երկու ժամ առաջ գարեջուր էին խմում, բոլորս տեսանք, մոտեցանք, խնդրեցինք՝ լքեն հարթակը, որովհետեւ հավաքին խանգարում են, հասարակական վայրում չի կարելի ալկոհոլ օգտագործել: Մոտ երկու ժամ չկարողացանք համոզել, անընդհատ փորձում էին կռիվ հրահրել, բայց իրենց չհաջողվեց, որովհետեւ մեր սուբորդինացիան պահպանում ենք եւ չենք տրվում սադրանքներին: Ստիպված եղանք դիմել ոստիկանությանը, ոստիկանության աշխատակիցները օպերատիվ արձագանքեցին»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ այստեղ այդ երիտասարդներին նախորդ օրերին չէին տեսել. «Իրենք ասում էին՝ որտեղ ուզեն կարող են նստել, ալկոհոլ օգտագործել, որովհետեւ սա իրենց թաղն է»:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքելով՝ Բաղրամյան պողոտայում երիտասարդները արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ շարունակում են նստացույցը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ